Լավ նայի քեզ…
Նմանատիպ
Այն, որ Ռաֆոն վատ շրջապատ է ընկել, դպրոցում վաղուց էին հասկացել։ Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում տղան, որի ունակություններն ու գիտելիքները պարզապես ապշեցնում էին ուսուցիչներին, անճանաչելիորեն փոխվել էր։ Լինում էր՝ շաբաթներով դասի չէր գալիս։ Թե որտե՞ղ էր գնում նա դպրոցի փոխարեն, ոչ ոք չգիտեր։ Ծնողների և ուսուցիչների ամենօրյա նախատինքները, հորդորներն ու խնդրանքները Ռաֆայելին չէին հուզում։ Կարծես՝ իրեն չէին ուղղված բոլոր այդ խոսքերը։ Գլխով էր անում, նորից անհետանում։ Լինում էր՝ օրերով։ Հետո պարզվում էր, որ ոստիկանությունում է հայտնվել։ Կամ ինչ-որ քրեական հեղինակության հետ ունեցած խնդիրների պատճառով թաքնվել է իր կասկածելի ընկերներից մեկի տանը։ Եվ այդպես շարունակ… Շուտով Ռաֆոյի ծնողներն ստիպված եղան գումարներ ծախսել՝ որդու խնդիրները լուծելու, նրան պրոբլեմներից ազատելու համար։ Բայց դա երկար չտևեց։ Տղայի ծնողները, որոնք աշխատում էին Երևանի մեռնող գործարաններից մեկում, շուտով որոշեցին, որ որդին անուղղելի է, և որ նրա վրա գումար ծախսելու իմաստ այլևս չկա…
Ռաֆայելի «փրկության» համար շարունակում էին պայքարել միայն դպրոցի ուսուցիչները։ Անգամ համադասարանցիները, որոնց հետ Ռաֆոն շատ հաշտ ու համերաշխ էր ապրում, անհասկանալի պատճառներով երես թեքեցին նրանից։ Դասարանի տղաները, հավանաբար, վախեցան դպրոցի հարևանությամբ Ռաֆոյի հետ մշտապես հաշիվներ պարզող և տարիքով ավելի մեծ անհայտ տղամարդկանցից։ Աղջիկներն էլ, նախնյաց սովորույթի համաձայն, ընկան համընդհանուր ընկալումների ազդեցության տակ և որոշեցին, որ «հանցագործ» Ռաֆոյի հետ այլևս գործ չունեն:
Միայն դասարանի նորեկներից մեկը՝ Հրաչն էր, որ ուշադիր հետևում էր Ռաֆոյի շուրջը տեղի ունեցող իրադարձություններին։ Ռաֆայելի հետ նա ընդամենը մի քանի ամիս էր ծանոթ։ Բայց ծանոթության սկզբում վերջինս դեռ «նորմալ» աշակերտ էր։ Անգամ իր տուն էր հրավիրել, միասին ֆիլմ դիտել։ Ու թեև Հրաչը երբեք չէր համարում, որ Ռաֆոյի հետ իրենց կապող որևէ բան կա՝ անգամ հետաքրքրություններն էին տարբեր, նա հասկանում էր, որ պարզ մարդկային արդարությունը պահանջում է, որպեսզի դասարանը աջակցի Ռաֆայելին։ Փորձի պոկել նրան վտանգավոր շրջապատից, կյանք վերադարձնել։ Ճիշտ է՝ Հրաչը համարում էր, որ դա իր գործը չէ, իրեն դա չի վերաբերվում, քանի որ անցած մի քանի ամիսների ընթացքում հազիվ հասցրել էլ իր նոր դասընկերների անունները սովորել, բայցևայնպես, շարունակում էր անընդհատ մտածել Ռաֆոյի ու նրա ճակատագրի մասին։
Այս ամենը շարունակվեց ևս մի քանի ամիս։ Հետո եկավ ուստարվա ավարտը, Ռաֆոյի դասարանցիներն ուրախությամբ նշեցին «Վերջին զանգը», հանդես կազմակերպեցին, որտեղ մեկ֊երկու տող էլ Ռաֆայելն արտասանեց։ Թվում էր, թե վերջ, այսուհետև ամեն մեկը գնալու է իր ճանապարհով և համատեղ հաղթահարելու փորձություններ այլևս չեն լինի։ Բայց մեկ օր դպրոցում աղմուկ բարձրացավ, որ շենքի բակում մոտ 30 երիտասարդ են հավաքվել և սպասում են Ռաֆոյին։ Ուսուցիչներից մի քանիսը եկան դասարան՝ փորձելով պաշտպանել Ռաֆայելին և դպրոցի աշակերտներին։ Տնօրենի աշխատասենյակից էլ ինչ֊որ մեկը Ոստիկանություն էր զանգել։ Լարված այդ մթնոլորտում միայն Ռաֆոն էր հանգիստ նստած։ Նրա դեմքին դատապարտվածության նշաններ կային։ Նաև, կարծես, ամաչում էր, որ իր պատճառով վախի այդպիսի մթնոլորտ էր տարածվել ողջ դպրոցում, որի ամեն անկյունն ու ամեն աշակերտի Ռաֆայելն անկեղծ սիրում էր։ Նա դպրոցից դուրս գալու անհույս խնդրանքով դիմեց դասղեկին՝ լավ հասկանալով, որ իրեն դա թույլ չի տրվելու։ Եվ երբ ստացավ ուսուցչի մերժումը, ասաց, որ ցանկանում է գնալ տնօրենի մոտ։
– Բան ունեմ իրան ասելու։ Պիտի անպայման պատմեմ։
Ռաֆայելի այս խոսքերը բոլորին համոզիչ թվացին։ Ուսուցչուհին բռնեց նրա ձեռքը, որպեսզի միասին գնան տնօրենի մոտ, բայց հենց դասարանից դուրս եկան, Ռաֆայելը ճարպիկ շարժումով դուրս պրծավ և վազելով դուրս եկավ դպրոցից։ Նրան սպասող տղաները, որոնց արդեն դպրոցից սպառնացել էին ոստիկանությունով, այլևս այնտեղ չէին։ Գնացել էին։ Ռաֆայելը վազեց դպրոցի ետևում գտնվող սեփական տների ուղղությամբ և կորավ պատուհանից նրան հետևող աշակերտների ու ուսուցչի տեսադաշտից։
– Ախր մենակ ու՞ր գնաց, էսա բռնելու են մորթեն, – հանկարծ լսվեց Հրաչի ձայնը։
– Ո՞վ մորթի։ Չե՞ս տեսնում, որ գնացել են սաղ։ Համ էլ ամեն մեկը իրա էշ խելքից ա տուժում։ Թող չփախներ դասարանից, – պատասխանեց աշակերտներից մեկը։
– Տղերք, գնանք գտնենք, բերենք Ռաֆոյին, – նորից ասաց Հրաչը։
– Տեղդ վեր ընկի, – արդեն պատասխանեց առանց այն էլ նյարդացած ուսուցիչը և, բռնելով Հրաչի ձեռքից, նրան բառացիորեն շպրտեց նստարանի վրա։
Մեկ-երկու վայրկյան նստելուց հետո Հրաչը հանկարծ վեր կացավ և Ռաֆոյի պես փախավ դասարանից։ Վազեց այն նույն տների ուղղությամբ, որոնց ետևում անհետացել էր իր համադասարանցին։ Խելագարի պես էր վազում։ Բակից բակ, տնից տուն։ Ոչ ոք չկար։ Ո՛չ Ռաֆոն, ո՛չ նրան հետապնդող տղաները, ո՛չ ոստիկանները, որոնք պետք է, որ արդեն եկած լինեին։ Այդպես մոտ 20 րոպե։ Հրաչն կորցրել էր Ռաֆոյին գտնելու հույսերը։ Մտքում արդեն իր արարքի համար պատասխաններ էր որոնում ուսուցիչների և՝ հնարավոր է, տնօրենի համար։ Բայց հանկարծ հեռվում տեսավ Ռաֆոյին։ Տեսավ ու հասկացավ, որ ճիշտ ժամանակին է հասել։
– Ռաֆոոո, – կանչեց Հրաչը։ – Ռաֆոոոո։
– Սիկ…իր եղի ստուց։ Ու՞ր ես եկել,- գոռալով պատասխանեց Ռաֆոն ու ևս մի քանի հայհոյանք ավելացրեց։
– Ռաֆո սպասի։ Ախպոր պես սպասի, – վազելով դեպի Ռաֆայելը՝ նորից կանչեց Հրաչը։
Վերջինս արդեն Հրաչի ուղղությամբ չէր նայում։ Նա պատրաստվում էր դիմացից եկող մոտ երկու տասնյակ տղաների հարվածներին։ Տեսնելով այդ ամենը՝ Հրաչը մի պահ կանգ առավ, հետո նորից վազեց դեպի՝ արդեն գետնին ընկած իր դասարանցուն՝ խնդրելով նրան ծեծող երիտասարդներին դադարեցնել ծեծը։
– Տղերք, մի՛ արեք, շատ եմ խնդրում, մի ծեծ…, – գոռում էր Հրաչը, երբ մեջքին զգաց ուժեղ հարված և ինքն էլ տապալվեց գետնին։
Հաջորդ տեսարանը, որ հիշում էր Հրաչը, գետնին ընկած Ռաֆայելն էր, որը գլուխը պինդ բռնած մե՛կ հայհոյում էր իրենց ծեծող տղաներին, մե՛կ հորդորում իրեն գլուխը ձեռքերով փակել…
Մի քանի օր անց, երբ պատմությունն այդ կարծես արդեն ավարտվել էր, Հրաչը դպրոցի դարպասների մոտ տեսավ իրեն սպասող Ռաֆայելին։ Այդ հանդիպմանը նա արդեն մի քանի օր սպասում էր։ Մտքում հազար անգամ կռվել էր թե՛ Ռաֆոյի, թե՛ ինքն իր հետ։ «Թե խի՞ գնացի։ Ո՛չ ընկերս ա, ո՛չ ախպերս։ Սկի մի հատ չհետաքրքվեց էլ՝ սա՞ղ եմ, թե մեռած։ Ու՞ր ա կորել, ովքե՞ր էին էտ տղերքը…», – անընդհատ մտածում էր Հրաչը, հետո ինքն իրեն հակառակում համոզում. «Ախր դե ո՞նց չգնայի։ Հո մենակ չէ՞ի թողնի։ Չնայած, որ գնացի՝ ի՞նչ։ Փրկեցի՞։ Լավ է…»։
– Ու՞ր էիր, Ռաֆ ջան։ Ո՞նց ես, – նախկինում պատրաստած բոլոր տեքստերի փոխարեն՝ այսպես դիմեց նա Ռաֆայելին։
– Լավ նայի քեզ, Հրաչ ջան։ Զգույշ կաց։ Որովհետև… Որովհետև դու լավ տղա ես, – ամեն տառը, կարծես, հատուկ ընդգծելով ասաց Ռաֆայելը ու, այլև չսպասելով Հրաչի պատասխանին, շրջվեց և գնաց։
Հրաչը զարմանքից քարացել էր։ Ռաֆայելի ձայնը, դրա արոգանությունն ու տեմպը միանգամայն այլ էին։ Այդպիսի խոսք նա ֆիլմերում էր միայն լսել։ Անգամ չհասկացավ՝ նեղացա՞վ նա այդ պահին Ռաֆայելից, թե՞ ոչ։ «Լավ նայի քեզ…», «Որովհետև դու լավ տղա ես…», – անընդհատ արձագանքում էին Ռաֆոյի խոսքերը Հրաչի ականջներում։ Այդ պահին Հրաչն իրեն կարևոր զգաց։ Մեծացած զգաց։ Որպես պատգամ ընկալեց համադասարանցու խոսքը։ Հասկացավ, որ դա ապագայի համար է։ Հնարավոր է՝ ողջ կյանքի։ Բայց նաև, ինչ որ բան հուշում էր, որ դա իր և Ռաֆոյի վերջին հանդիպումն ու վերջին «զրույցն» է։ Զգում էր ու չէր ուզում հայացքը կտրել իրենից հեռացող տղայից։ «Լավ նայի քեզ…»։
Հրաչը չէր սխալվում։ Նրանք այլևս երբեք չհանդիպեցին։ Տարիներ անց նա իմացավ, որ Ռաֆոն քրեական հեղինակություն է դարձել։ Ապրում է ռուսաստաններում, կարծես՝ գործերը վատ չեն ընթանում։ Բայց անգամ երբ դեռ տեղեկություն չուներ իր դասարանցուց, վստահ էր, որ ինչ-որ մի տեղ ինքն ընկեր ունի։ Մարդ, որի հետ իրականում երբեք ընկերություն չի էլ արել։ Ուղղակի՝ անգամ իր համար անհասկանալի մի մղումով գնացել և ծեծ է կերել։ Այդքանը… Բայց, փոխարենը, դեռ վաղ հասակում տեսել է հոգածություն։ Տղայական, ընկերական՝ ծնողական հոգածությունից տարբերվող մի երևույթ, որն արտահայտվում էր մեկ պարզ խոսքով. «Լավ նայի քեզ»։
Հրաչի համար դա կարևոր դաս էր։ Նրա կյանքը միանգամայն այլ կերպ է դասավորվել։ Գիտնական է դարձել, հասարակական հայտնի գործիչ։ Ռաֆոյինայլևս երբեք չի որոնել։ Ժամանակ առ ժամանակ լսում էր, որ նա ձերբակալվել կամ ազատ է արձակվել։ Ուրիշ ոչինչ։ Երևի թե, չէր էլ ուզում ավելին իմանար։ Ի վերջո, բացի այն ծեծից, նրանք ընդհանուր ոչինչ չունեին։ Ծեծ ու տղամարդուն վայել առաջին՝ մի քանի վայրկյան տևած զրույց, ապրումներ ու մտորումներ…
Տարիներ անց, երբ Հրաչն արդեն հանրահայտ գործիչ էր և մասնագիտության բերումով շփվում էր ամենատարբեր արժանիքներ ու մղումներ ունեցող մարդկանց հետ, հասկացավ, որ կարոտում է հոգածությամբ լի Ռաֆոյի այն հայացքը։ Կյանքում լիարժեք կայացած այդ մարդը, որի մասնագիտական, ընտանեկան և անհատական երջանկությանը կարելի էր միայն նախանձել, ամենուր, կարծես, փնտրում էր մեկին, ով Ռաֆոյի անկեղծությամբ կասեր. «Լավ նայի քեզ»։ Ընտանիքում դա կար։ Այստեղ Հրաչը խնդիր չէր տեսնում։ Շնորհակալ էր Աստծուն իր կնոջ և զավակների համար։ Անհուն սիրում էր նրանց և այդչափ էլ սիրված էր։ Նույնը կարելի էր ասել նաև ընկերների մասին։ Բայց այդ ամենով հանդերձ, Հրաչը, որը տեսնում էր, թե ինչպես է շրջապատող մարդկանց բացարձակ մեծամասնությունն իրեն ընկալում որպես սպառման ռեսուրս, ուզում էր տեսնել օտար մեկին, ով սրտանց կմաղթեր, որպեսզի ինքն իրեն լավ նայի։ Հենց այնպես։ Առանց մի շահի…
Փնտրում էր և գտավ։ Մի աղջիկ, ով աշխատում էր Հրաչի գրասենյակի կողքի խանութում և ով ամեն անգամ մեծ հոգածությամբ լավագույն մրգերն էր ընտրում իր համար։ Սկզբում Հրաչը դա չէր նկատում, հետո սկսեց կասկածել, վերջապես՝ համոզվեց։ «Իմ հայրիկի անունն էլ է Հրաչ», – մի օր, կարծես, կիսագաղտնի ասաց այդ աղջիկը։ Տեղեկությունն այդ հետաքրքիր, ինչ-որ առումով՝ անբացատրելի ազդեցություն թողեց Հրաչի հոգում։ Նա պատահաբար հայտնաբերեց, որ ամեն օր խանութ է գնում ոչ թե միրգ գնելու, այլ հենց այդ աղջկա հոգատար վերաբերմունքին արժանանալու համար։ Նրան առհասարակ միրգ պետք չէր։ Պետք էր միայն աղջկա ընտրած միրգը։ Ու նրա հոգատար հայացքը… Ո՛չ, դա սիրահարվածություն չէր։ Երևի կարոտ էր, գաղտնի ընկեր ունենալու ցանկություն կամ նման մեկ այլ բան։ Հրաչն ինքն էլ չէր հասկանում։ Ոչ էլ ուզում էր հասկանալ։ Պարզապես գիտեր, որ ինչ֊որ մեկն իր համար ընտրում է լավագույն մրգերը։ Մարդ, ով հարգել և սիրել գիտեր և ով մեկ առիթով դիմելով իրեն՝ ասել էր. «Լավ նայի քեզ…»։
Նարեկ ՎԱՀԱՆՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում