Հայրիկյանին հիվանդ երեխաների հետ համեմատելն անբարոյականությո՞ւն է

Երեկվա նիստում կառավարությունը անակնկալ մատուցեց հանրությանը՝ որոշեց 20,5 մլն դրամ տրամադրել նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանին՝ արտերկրում առողջական վիճակը վերականգնելու համար: Բայց հանրությունը սա գնահատեց որպես գումարների վատնում և փոխհատուցում Հայրիկյանին նախագահական ընտրությունները չհետաձգելու դիմաց: Ապշեցրեց նախ գումարի չափը՝ 50 հազար դոլարից ավելի: Սրա կեսով կարելի է տուն գնել արտերկրում կամ 2 սենյականոց բնակարան Երևանի կենտրոնում, կամ սրտի 5-10 վիրահատություն անել, մի քանի գյուղում խմելու ջրի հարց լուծել: Գումարային համադրությունները կարելի է շարունակել: Երեկ ամբողջ օրը «ֆեյսբուքն» աղմկում էր: Համացանցի ակտիվիստները մտաբերում էին շտապ վիրահատության կարիք ունեցող երեխաների, որոնց փրկելու համար ամիսներով չի հաջողվում միջոցներ հավաքել: Բլոգեր Արմինե Գևորգյանը կառավարությանը կոչ արեց Հայրիկյանի փոխարեն գումար փոխանցել Տավուշի մարզի այն մարդուն, ով իր այգում վիրավորվեց ադրբեջանցու գնդակից: Լրագրող Թագուհի Հակոբյանն իր էջում հիշեց, թե ինչ պատմություն դարձավ երջանկահիշատակ բանաստեղծ և հրապարակախոս Հովհաննես Գրիգորյանին արտերկրում բուժվելու համար գումար տրամադրելը: Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրեց. «Պարույր Հայրիկյանը մի տեսակ թանկ ա նստում հայ ազգի վրա»: Վերջապես համացանցում Հայրիկյանի նկարով 20 մլն դրամանոց թղթադրամ կախեցին: Կեսօրին իշխանական շրջանակից լուր սպրդեց, թե Հայրիկյանը գումար է պահանջել ընտրությունները չհետաձգելու համար, և իրեն այդ գումարը տրվել է կառավարության որոշման տեսքով:

Մինչ հանրությունը վրդովվում էր, Հայրիկյանն արդեն հեռու էր: Նրա հավատարիմ ընկեր և համակիր Կարո Եղնուկյանից իմացանք, որ առավոտյան, դեռ մինչև կառավարության հայտնի նիստը, նա թռել է Հոլանդիա՝ Ռոտերդամ քաղաք, որտեղ և պետք է բուժվի: Օդանավի տոմսի գումարը նույնպես կառավարությունն է տրամադրել՝ նույն 20 մլն-ի շրջանակներում: Փաստորեն, նիստից առաջ արդեն գումար էին հատկացրել: Կարո Եղնուկյանի հետ «Հրապարակը» զրուցեց 20 մլն-ի շուրջ:

– Սոցցանցերում գրում են, որ Հայրիկյանին կառավարությունը գնել է:

– Պարզ չէ՞ր, որ ասողներն էդպես պետք է ասեն: Մոռանում են այդ մարդու անցյալը, որ նա 63 տարեկան է և մինչև 63 տարեկան ոչ մեկի հետ գործարքի չի գնացել՝ ոչ Գորբաչովի, ոչ Բրեժնևի հետ, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի հետ: Եթե գործարքի գնար, գոնե 500 հազար դոլար առներ, 50 հազարն ի՞նչ է:

– Մեր իշխանության գործելակերպն է սա:

– Ես արդեն սկսում եմ կասկածել, որ սա դիտմամբ է արված, որ սկսեն մրոտել նրա անունը: Անանուն պետական աշխատողներհայտարարություններ են անում, որ Հայրիկյանը գումար է պահանջել, և նրան գումար են տվել: Իրականում նա ոչ գումար է պահանջել, ոչ էլ նրան գումար են տվել:

– Այդ գումարն ո՞ւմ են փոխանցելու՝ Հայրիկյանի՞ն, թե՞ հիվանդանոցին:

– Նախ, հիվանդանոցը պետք է ասի, թե որքան է անհրաժեշտ բուժման համար: Հոլանդիան Հայաստան չէ: Կամ քթի օպերացիա չէ սա, որ ասեն՝ քիթ փոքրացնելը 5 հազար է, կուրծք մեծացնելը՝ 20 հազար է: Ստեղ պրոբլեմ է, որը նախ պետք է հասկանալ, հետո որոշեն՝ կլինի վիրահատություն, չի լինի, քանի հոգի կմասնակցի: Գումարային տեսակետից դեռ պարզ չէ, թե 50 հազար է, 500 հազար է:

– Գումարի պահանջ չի՞ եղել Հայրիկյանի կողմից:

– Ոչ, պահանջ չի եղել: Երկու հիվանդանոցներում չկարողացան բուժել Հայրիկյանին, երկուսին էլ փող էր փոխանցվել: Իրենք արեցին այն, ինչ կարողացան, ոչ այն, ինչ կարելի էր անել: Դժբախտաբար, մեր բժիշկների ու առողջապահության նախարարության համար հեշտ չէր ասել, որ իրենք չեն կարողանում բուժել Հայրիկյանին: Առաջին օրից նա բողոքում էր ձեռքից, իրենք ասում էին՝ բան չկա, մի շաբաթից կանցնի, հետո ասեցին՝ 2 շաբաթից, հետո՝ 6 ամսից: 2 ամսից 10-ից ավելի բժիշկներ գլուխ գլխի հավաքվեցին և իրենք որոշեցին, որ պետք է մի այնպիսի վիրահատություն, որի տեխնիկական պայմանները Հայաստանում չկան, և մասնագետներ չկան:

– Գումարի չափը մեծ չէ՞ ձեռքի վիրահատության համար՝ 50 հազար դոլար:

– Դուք Եվրոպայի առողջապահության ծախսերից տեղյակ չեք: Ես արդեն ասացի, որ գումարի չափը հայտնի չէ: Հայրիկյանի ձեռքը փող չեն դրել: Նա ոչ պահանջ է դրել, որ իրեն արտերկրում բուժեն, ոչ էլ, որ իրեն գումար տան, հակառակը՝ նա նախընտրում էր, որ իրեն Հայաստանում բուժեն: Երկու ամիս չարչարվելու պատճառը դա էր:

– Նա չունե՞ր գումար: Կարծիքներ կան, որ բուժման կարոտ շատ երեխաներ կան, որոնց պետությունը չի բուժում, և նրանք մահանում են:

– Սա տգեղ շահարկում է: Երեխաների հարցը կապ չունի Հայրիկյանի բուժման հետ: Հավասարության նշան դնելն այս երկուսի արանքում անբարոյական է: 18 տարի բանտերում նստելուց հետո նա ոչ մեկից ոչ մի բան չպահանջեց: Հակառակը, պետությունն իրեն փոխհատուցում տվեց, որն ինքը չվերցրեց, դա առողջության հետ կապ չուներ: Իսկ այստեղ նրա աջ ձեռքի հարցն է: Աջլիկ, աշխատող, գրող մարդու աջ ձեռքի, որը հիմա չի կարողանում օգտվել համակարգչից: Ոչ ոք չի իմանում, թե ինչ ցավեր է նա ունենում: Մի օր մոտը նստեն, տեսնեն, թե էդ մարդն ինչ գոռոցներ է դնում: Պատկերացրեք, ձեր ատամի ներվն առանց անզգայացման ամեն օր տասնապատիկ ուժեղ ցավի: Երեխաների հարցը պետք է լուծվի բյուջեի շրջանակներում, իսկ բյուջեն պետք է լրացվի մեր այսօրվա օլիգարխների «Բենթլիներով», կղզիներով, որ իրենք գնել են, հանքերով: Թող «Բենթլիները» ծախեն՝ գումարները տան երեխաների բուժման համար: Թող Քոչարյանն իր կղզիները ծախի՝ բուժի երեխաներին: Գրում է «Հրապարակը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում