Հայրենական լրատվամիջոցներն ամենուրեք «դավադրություններ» են փնտրում

Արամ Աբրահամյանն «Առավոտ»-ի խմբագրականում գրել է. «Քաղաքական և, հետևաբար, լրատվական դաշտի բոլոր խարդավանքները հասկանալ չափազանց դժվար է հատուկ տաղանդ է պետք, որը ես չունեմ: Բայց զանազան բանակների և ճամբարների մեջ իրենց ակտիվությամբ աչքի են ընկնում երկուսը: Առաջինը կենտրոնացել է «երիտօլիգարխների» վրա, որոնց նպատակն է, ըստ այդ տեսակետի կողմնակիցների, ցույց տալ, որ Սերժ Սարգսյանը լավն է, իսկ նրա շրջապատի մի մասը’ վատը, իսկ լավը շրջապատի հենց այն հատվածն է, որը և ներկայացված է «երիտօլիգարխներով»:

Ըստ այդ տեսակետի’ կան լրատվամիջոցներ, որոնք քարոզում են հենց այդ մոտեցումը, և ցանկացած սկզբունքային, արդար մարդու սրբազան պարտքն է այդ դավադրությունը բացահայտելը: Նրանց մատուցմամբ’ այդ դավադրության մասն է նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, որն, իրականում, «ախք» է, «հաճախորդ» է ու «դհոլ»: Այդ հարձակումների թիրախը հանդիսացող ուժերն ու լրատվամիջոցները, ի պատասխան’ կարծիք են հայտնում, որ նման քարոզչությունը կազմակերպվում է մի կենտրոնից, և այդ կենտրոնի հետևում երևում են առաջին, երկրորդ նախագահի, ԲՀԿ-ի, ինչպես նաև ռուսական իմպերիալիզմի «ականջները»: Լևոնաքոչարյանական ուժերի նպատակն է, ըստ հակադիր ճամբարի, վարկաբեկել Րաֆֆի Հովհաննիսյանին և «վերատիրանալ» ընդդիմադիր ընտրազանգվածին: Որն է այստեղ սուտ, որն է ճիշտ, ինչն է չափազանցություն կամ անհարկի ընդհանրացում, իսկ ինչը’ փաստերի արձանագրում, կրկնեմ’ դժվարանում եմ ասել:

Հավանաբար, թացն ու չորն այստեղ այնքան են խառնված’ քարոզչական միավորներ ձեռք բերելու նպատակով, որ պետք է ամեն օր եփվես խարդավանքների այս կաթսայի մեջ’ հասկանալու համար, թե ով ինչ մոտիվներով է ղեկավարվում: Այդքանով հանդերձ’ ինձ համար միշտ էլ տհաճ էր, որ մարդիկ անընդհատ իրար կասկածում են, դավադրություններ են փնտրում և ականջներ են հայտնաբերում: Իսկ լրատվական մակարդակում այդ խոսակցությունները’ «ես անկախ եմ, դու անկախ չես», «դու վերահսկվում ես, ես չեմ վերահսկվում»’ բավականին զավեշտալի են: Իրականում բոլոր ուժերը, ինչպես էլ նրանց անվանես’ «առաջադիմական» կամ «հետադիմական» «սերժականներ», «լևոնաքոչարյանականներ», թե «րաֆֆիականներ»’ բոլորը շատ լավ հասկանում են, որ այդպես շարունակել (նկատի ունեմ երկրի տնտեսական և քաղաքական զարգացումը) այլևս չի կարելի, դա ոչ մեկի շահերից չի բխում:

Բոլոր կողմերը հասկանում են նաև հեղափոխական զարգացումները «արաբական սցենարով» Հայաստանում հնարավոր չեն: Կարծում եմ’ կա նաև գիտակցությունը, որ միահեծան, մենաշնորհային իշխանության ժամանակն արդեն անցել է’այն այլևս էֆեկտիվ չէ: Մնում է մի բան՝ ավելի քիչ իրար անիմաստ կծմծել և ավելի արագ իրար հետ պայմանավորվել, ցանկալի է’ «թուղթ ու գրիչով», այսինքն’ շարադրելով ոչ թե մեղադրանքներ և կասկածներ, այլ Հայաստանի զարգացմանն ուղղված գաղափարներ: Իսկ դավադրությունների և «ականջների» հարցը կարելի է թողնել նախադպրոցական երեխաներին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում