Ապրիլի 9-ին հերթական փուչիկը կպայթի, ժողովուրդն էլ հիասթապված կգնա տուն. Արկադի Վարդանյան

«Այն, որ մի կողմը պնդում է, որ Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան հանդիպումը պետք է տեղի ունենա միայն Ազատության հրապարակում, իսկ մյուս կողմը՝ միայն Բաղրամյան 26-ում, փակուղի է, սակայն այն նոր չէ, որ ստեղծվել է», -այս մասին tert.am-ի հետ զրույցում ասել է Արկադի Վարդանյանը, ով միացել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը:
«Իմ գնահատականով՝ փակուղային իրավիճակ վաղուց է ստեղծվել: Դրա փակուղայնությունը կայանում է նրանում, որ կողմերը հստակ մարտավարություն չունեն և վերջնականապես որոշում չեն կայացրել, հստակ չգիտեն՝ ինչ պետք է անեն»,- ավելացրեց Վարդանյանը և հավելեց, որ կողմերից յուրաքանչյուրը սպասում է մյուսի սխալին և այդ սխալից օգտվելու առիթին:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք սխալ է այն կարծիքը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանակ է ձգում’ Վարդանյանը հերքում չտվեց «Երկուսն էլ ձգում են հավասարապես, իմ կարծիքով»,-ասաց նա:
Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքներում և այդ շրջանակներում անցկացվող Քաղաքացիական բաց խորհրդի նիստերում ժամանակ առ ժամանակ հայտարարվում է, թե «բանը մի հասցրեք ապրիլի 9-ին»՝ նախագահի երդմնակալության օրը:
Ի պատասխան հարցի, թե իր կարծիքով՝ ապրիլի 9-ին «բանն ինչի՞ կհասնի», Արկադի Վարդանյանը նշեց, որ այսպես շարունակվելու դեպքում բանը ոչնչի էլ չի հասնի: «Ուղղակի հերթական փուչիկը կպայթի, կտրաքի, ժողովուրդն էլ հիասթափված վիճակում հերթական անգամ կցվրվի տներով: Ու դրանով ամեն ինչ կավարտվի»,- ասաց նա։
Այս պատասխաններից կարելի՞ է ենթադրել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերից նա հիասթափված է: Այս հարցին ընդդիմադիր քաղաքական գործիչը հետևյալ պատասխանը տվեց. «Որոշակի հիասթափություն կա հասարակության շերտերում: Դա զգացվում է, դա նկատվում է, բայց դրա հետ միասին չպետք է մոռանանք, որ գուցեև այդ ընտրած մարտավարությունը կարող է և դրական արդյունք ունենալ: Երկու կողմերն էլ մտորում են, ինչպես ասում են՝ քցում-բռնում են, այդ քցել-բռնելու արդյունքը դեռ հայտնի չէ մեզ: Երբ որոշակի ինչ-որ բաներ կձևավորվեն, այն ժամանակ կարելի է ավելի հստակ պատասխաններ տալ»:
Արկադի Վարդանյանը Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված գործընթացներին լրջորեն չի վերաբերում: «Որովհետև եթե ապրիլի 9-ին հարցը րաֆֆիամետ հանգուցալուծում ստանա, էդ դեպքում որպես ընտրված նախագահ, կարող է իր հայեցողությամբ և՛ ընթացակարգը փոխել, և՛ ձևաչափը, և՛ ժամկետները»,- ասաց Արկադի Վարդանյանը՝ խորհուրդ տալով զգուշությամբ մոտենալ Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված խնդիրներին և նշելով, որ ինքը որևէ ցանկություն չի ունեցել ընդգրկվել ոչ միայն Երևանի ավագանու, այլ որևէ տեսակի ցուցակներում, այդ թվում՝ ստվերային կառավարությունում: «Ոչ էլ այդտեղ կամ ես»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում