Առաջարկ…

– Նորից սկսել ես հաշվե՞լ, թե ամեն պահ քանի ձայն ես լսում։
– Ահա։
– Ի՞նչ խնդիրներ ունես։ Վաղուց չենք հանդիպել։ Քանի՞ տարի է անցել։ Հի՞նգ, տա՞ս…
– Մեր մեջի հաշիվ պահողը դու ես։ Դու կիմանաս։
– Ու խի՞ ես եկել։
– Գիտես։
– Ուզում եմ դու ասես։
– Ինձ դժվար ա հիմա մտքերս հավաքել։ Ամեն ինչ լավ գիտես։ Թույլտվություն պիտի հարցնեմ քեզանից։
– Ի՞նչ ձայներ ես հիմա լսում։
– Տարբեր։
– Լսի, թե երկուսիցս մեկը հիմա կռվի առիթ ունի, էտ ես եմ։ Հասկանու՞մ ես։ Ես չեմ ինձ կորցրել, խելքս քամիներին տվել։ Ես չեմ մոռացել ինչ բեռ կա վրես։ Առաքելություն։ Էտ սաղ դու ես։ Հիմա էլ եկել ու չորում ես։ Կամ նորմալ ասա ինչ ձայներ ես լսում, կամ գնա ու էլ չերևաս։
– Հաճելի երաժշտություն եմ լսում։ Դաշնամուրի ու ֆլեյտայի ձայներն ընդգծված են։ Ֆոնում լարային գործիքներ կան, մեկումեջ նաև հարվածային։ Թեթև երաժշտություն է շատ։ Կախարդական, քաղցրանվագ… Լսում եմ կողքս կանգնած աղջկա շարժումների ձայները։ Ոտքերի թեթև քստքստոցը, նրա շունչը, հագուստի խշշոցը… Հեշտաթրթիռ… Կողքի սենյակում երկու ուրիշ աղջիկների փսփսոցն եմ լսում, իսկ հեռվից դաշնամուրի անտաղանդ նվագ է գալիս… Ահա լսում եմ միջանցքով անցնող մարդկանց ոտնաձայները, ինչ֊որ ռուս երիտասարդի թիթիզ զրույցներ։ Նաև ինչ-որ ափսեների, կամ մետաղական իրերի ձայն եմ լսում, բայց չեմ կարող հասկանալ, թե ինչ է։ Այսքանը… Ոչ, էլի եմ բաներ լսում։ Ինչ-որ ձայներ։ Կողքս կանգնած աղջկա անցյալից… Նրա արտասուքների գլորվելու ձայնն եմ լսում…
– Հիմար։ «Թեթև երաժշտություն…», «կախարդական…», «արտասուքներ…»։ Դու ո՞վ ես։ Զինվոր, թե՞ թուլամորթ մի շան լակոտ։
– Ես բանակում չեմ ծառայել։
– Քանի՞ զինվոր է ամեն տարի զանգում քեզ՝ Բանակի օրը շնորհավորելու։ Հարյո՞ւր, հազա՞ր… Քանի՞սը։
– Շատ։
– Ու ինչու՞ են զանգում։ Որովհետև դու զինվոր ես, թե՞ թուլամորթ։
– …։
– Ինչի՞ համար է պետք հաշվել ամեն պահ լսվող ձայները։
– Որպեսզի միշտ ուշադիր լինեմ, զգոն։
– Էլ ի՞նչ է պետք ուշադիր լինելու համար։
– Ֆիքսել այն ամենը, ինչ տեսնում եմ։ Հիշել։ Անընդհատ ետ նայել։ Ուսումնասիրել անցուդարձը…
– Բա ինչու՞ չէիր անում։
– Անում եմ։ Միշտ… Գրեթե միշտ։
– Գրեթե։ Այ այդ գրեթեն… Իսկ ի՞նչ ես հիմա տեսնում։
– Կողքիս կանգնած աղջկան, նրա թախիծը…
– Դե ձա՛յնդ։ Հերիք եղավ արդեն։ Սիրահարվե՞լ ես։
– Ոչ։
– Բա ի՞նչ եղավ քեզ։
– Դու ասա, չգիտեմ։ Մտածում եմ, որ կարոտ…
– Ի՞նչ կարոտ։ Դու կարոտելու իրավունք չունես։ Դու ոչ մի իրավունք չունես։ Դու պարտավորություն ունես միայն։ Ինքդ ես այդպես ուզել, քո որոշումն էր։
– Գիտեմ։
– Բա էլ ի՞նչ հեքիաթներ ես պատմում։ Նորից կրկնի ինչ ձայներ ես լսում։ Կենտրոնացի։
– Երաժշտությունն եմ լսում։ Կախար… Տարբեր գործիքներով։ Լսում եմ միջանցքով անցնող մարդկանց հեռախոսազրույցը։ Կողքի սենյակում շարունակում են փսփսալ այն աղջիկները։ Նաև ծորակից հոսող ջրի քչքչոցն եմ լսում, ստեղնաշարի կոճակների սեղմվելու կամաց ձայնը։ Լսում եմ կողքս կանգնած աղջկա…
– Անցիր նրան։
– Նրա մատների ձայնն եմ լսում ինձ վրա…
– Քեզ ասացի՝ անցանք նրա պահը։
– Ես ընդամենը ուզում էի ամբողջը ասել։
– Ու դրա համար բա՞ց ես թողնում ամենակարևոը։ Քեզ վրա հաչացող շների ձայնը չես լսում, մեր դեմ սրվող դանակների ձայնը չես լսում, չես լսում նաև սահմանի այն կողմից եկող զենքի շառաչյունը, բայց աղջկա արցունքների ձա՞յնն ես լսում։ Ո՞վ ես դու։
– …։
– Դու խոստացել ես։ Ինքդ ես ընտրել այդ ուղին։ Պարտավորվել ես ոչինչ չխնայել։ Անգամ երեխաներիդ, եթե նրանք պետք լինեն Հայրենիքիդ։ Իսկ հիմա… Հիմա չես լսում թշնամու զենքի ձայնը։ Գիտե՞ս, որ սահմանում զոհ ենք ունեցել։ Իսկ գիտե՞ս, որ էլի ենք ունենալու։
– Գիտեմ։
– Իսկ գիտե՞ս ինչ պետք է անես, որ էլ չունենանք։
– Ուշադիր հաշվել բոլոր ձայները։ Ֆիքսել պատկերները…
– Գրողը տանի, բա ինչու՞ չես անում։ Հոգնե՞լ ես։
– Մեղավոր եմ։
– Ու՞մ են պետք մեղայականներդ։ Ու՞մ հետույքը մտցնեմ ես դրանք…
– …։
– Կողքդ կանգնած աղջիկը… Երեխաներ ունի՞
– Այո։
– Որդի՞։
– Այո։
– Վաղը-մյուս օր սահման գնալու՞ է։ Ո՞վ է պաշտպանելու նրան։ Իսկ քո՞ տղերքին։
– …։
– Հարց եմ տալիս քեզ։ Հերի՞ք է դատարկ հայացքով նայես։
– Ես պետք է…
– Այո՛։ Հենց էտ է՝ ՊԵՏՔ Է։ Դե ուրեմն գործովդ զբաղվի։ «Կախարդական…», «արտասուքներ…»։
– Լավ։
– Դու ես այդպես ուզել։ Դու ես որոշել, երդվել։ Ու քեզ է տրված ամենամեծ երջանկությունը։ Ծառայելու, նվիրվելու, ապրելու ու ապրեցնելու։ Տուն, տեղ, ընտանիք, երեխաներ… Էլ ի՞նչ ես ուզում։
– Ուզում եմ ամեն ինչ այդպես էլ մնա։
– Վեր կաց և գնա այդտեղից, ուրեմն։
– Ոչ։
– Հիմար ես դու։ Սիրահարվել ես։
– Ասացի՝ ոչ։ Վստահաբար… Ոչ։
– Ի՞նքն էր, որ այսօր ասաց, թե ուրիշների սխալներից չի վախենում։ Միայն իր։
– Հա։
– Քեզանից խելոք է։
– Երևի։
– Ոնց էլ խոստովանում ես։ Ծիծաղս էլ է գալիս։ Չես մոռանում, չէ՞, ձայները հաշվել։
– Հաշվում եմ։
– Ի՞նչ թույլտվություն էիր ուզում։
– Ընկերությունս առաջարկել իրեն։
– Դա խաբեություն է։ Գիտես։
– Չգիտեմ։
– Ոչ, գիտես։ Ու հերիք է քեզ էշի տեղ դնես։
– Ուզում եմ, որ ստեղծագործի։ Իր մոտ դա լավ է ստացվում։ Այդպիսի տպավորություն ունեմ։ Ուզում եմ, որ պրոբլեմների լուծումները ներսում չփնտրի։ Ուզում եմ հենվելու տեղ ունենա։ Թույլ կտա՞ս իմ ուսն առաջարկել։
– Այսինքն։
– Դե մարդ ես։ Հնարավոր է օրերից մի օր, Աստված ոչ արասցե, օգնության կարիք ունենա… Որ արխային ինձ դիմի։ Ուրիշ ոչինչ։ Իմանա, որ կա մեկը, ով երջանիկ կլինի ծառայություն մատուցել իրեն։
– Քո ինչի՞ն է դա պետք։
– Կիմանամ, որ մի թռչնակ, իր երկու ձագուկների համար ավելի հանգիստ կլինի։ 
– Դրա համար դու պետք է ձայները լսես, ամեն ինչ տեսնես… 
– Գիտեմ։ Բավական է։ Լսում եմ։
– Խաբելու ես։ Թե՛ իրեն, թե՛ քեզ։
– Ո՛չ։ Ես կառաջարկեմ, նա կորոշի։ Դրանից հետո կարող եմ այլևս չգնալ այնտեղ։
– Ի՞նչ կառաջարկես, ի՞նչ կորոշի…
– Խնդրում եմ։ Արդեն ասացի՝ ընկերությունս, եղբայրությունս, ծառայությունս։
– Ծառայելու, օգնելու, պետք լինելու միայն մեկ ճանապարհ ունես։ Գործովդ զբաղվիր, ուշադիր եղիր, ձայները հաշվիր… Ես ավարտեցի։ Հուսով եմ՝ էլ չես գա։
– Կփորձեմ… Երաժշտությունն եմ լսում։ Միջանցքի մարդկանց ձայներն եմ լսում։ Ինչ-որ լամպի տզզոց։ Կողքիս կանգնած աղջկա ձեռքի սրբիչի փրթոցը, նրա շարժումների, ոտքերի, հագուստի խշշոցն ու իր ձայնը՝ «մենք ավարտեցինք»…

Նարեկ ՎԱՀԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում