«Իմ խեղճ հոգին». Կարեն Կարապետյան

Ներողություն, ո՞վ է վերջը,
Հարցրեց հոգիս համբարձված
Դատաստանի ահեղ օրը՝
Աստծո դռանը խոնարհված:

Ու նայեցին իմ խեղճ հոգուն
Հոգիները ծաղրանքով
Այ քեզ անխելք, ի՞նչ հերթ, ի՞նչ վերջ
Վճռորոշ այս օրով

Թե կարող ես ներս խցկվիր՝
Առանց հերթը հարցնելու,
Եվ չափ, կամ տակտ, կամ թե հարգանք
Էլ ինչի՞դ են պետք գալու

Միևնույնն է այսօր, վաղը
Առանց կամքդ հարցնելու,
Մի հրեշտակ ձեռքդ բռնած
Քեզ դժոխք է տանելու:

Հենց այդպես էլ ես արեցի,
Ուրիշներին հրելով՝
Արագ-արագ ներս վազեցի՝
Տիրոջ առջև կանգնելով:

Թեև ունեի բազում հարցեր,
Դարձան բառեր թույլ, անկապ
Ու աչքերիս կշտամբանքը
Եղավ հարցը իմ միակ․

Ինչ, որ քեզնից խնդրել էի, Տեր,
Այդ ամենը մերժեցիր,
Բարություն էիր միշտ քարոզում,
Կյանքս դժոխք սարքեցիր։

Ու ժամերով լուռ աղոթել
Քո սուրբ տանը երկնային,
Մինչ մոմերս այրվել, հանգել
Հույս են տվել ինձ կրկին

Տես հույսերս քեզ եմ տալիս
Այն տուր մեկ այլ դժբախտի
Որը հիմա խոնարհված է
Դռան առջև մատուռի:

Մի պահ չանցած ինձ նետեցին
Այրվող կաթսան դժոխքի,
Իսկույն մարեց ճիչերի մեջ
Խրոխտ ձայնս բողոքի

Հող էր եղել ու հող դարձավ
Թույլ մարմինս մեղավոր
Իսկ խեղճ հոգիս պիտի մխա
Կրակներում դարավոր։

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում