Սամվել Ալեքսանյանը կտրոններով ձու է բաժանում

«Նոր զանգել են ժեկից, ասում են եկեք կտրոն ստացեք ժեկից, որ գնաք ձու ստանաք։ Էրեւում է սխալ էին զանգել, ասում եմ՝ ինչ ձու, ում կողմից, ինչի համար: Ասում է՝ Սամվել Ալեքսանյանի կողմից, թաղապետարանն է ցուցակը տվել, որ հերթով բոլորին զանգենք, էսօր է ժամկետը, եկեք կտրոնը վերցրեք, որ գնաք ձուն ստանաք բարեգործական ճաշարանից: Ասեցի՝ «շնորհակալություն, մեզ Սամվել Ալեքսանյանից ոչ մի օգնություն պետք չի, որտեւ ինքը հանցագործ է…», ֆեյսբուքյան էջում երեկ նման գրառում կատարած օգտատիրոջ խոսքերն է մեջբերում «Հայկական ժամանակ» թերթը։

«Նա նաեւ նշել էր այն հասցեն, որտեղից բաժանում են ձվերը։ Երբ մենք ժամանեցիք «դեպքի վայր», մի խումբ մարդկանց հանդիպեցինք, որոնք կանգնած էին փակ դռների առաջ եւ սպասում էին։ Մեր հարցին՝ ինչի՞ կամ ո՞ւմ են սպասում, միահամուռ ասացին՝ սպասում ենք, որ գան դռները բացեն, մեզ ձու տան։ Թաղապետարանից են զանգել, ասել՝ եկեք կտրոն ստացեք, որ ձեզ ձու տան։ «Կտրոնը հեսա ձեռներս կանգնել ենք, բայց դուռը փակա, հենա կողպեքը վրենա»,- ասացին հավաքվածները: Ոմանք արդեն սկսում էին բարկանալ, ասում էին՝ արդեն մեկ ժամից ավել է, սպասում են: «Մենք պետքա ստեղ էնքան մնանք, մինչեւ բարեհաճեն գան, բաժանեն»,- հայտարարեց հավաքվածներից մեկը: Մի կին էլ անհանգստացած զանգում էր թաղապետարան, բայց հեռախոսին պատասխանող այդպես էլ չեղավ: Մեկ ուրիշն էլ ասաց. «Ես մի քիչ առաջ զանգեցի թաղապետարան, ընդեղից ասեցին, որ տեղյակ չենք, թե ինչի ա դուռը փակ»: Հենց այդ պահին եկան «ձու բաժանողները»: Տեսնելով նրանց՝ հավաքվածները խառնվեցին իրար, քանի որ յուրաքանչյուրը ուզում էր րոպե առաջ ստանալ իրեն հասանելիք ձվերը:

Ձու բաժանող երեք անձանցից հետաքրքրվեցինք, թե ինչ են անում եւ ինչու են այդքան մարդու սպասեցրել: «Մենք էլ ենք մարդ, մենք իրավունք չունե՞նք հանգստանալու կամ մի կտոր հաց ուտելու-շտապեցին արդարանալ նրանք: «Ձվաբաժանները» ասացին, որ արդեն երրորդ օրն է, որ բաժանում են եւ արդեն 4 հազար ձվից 3 հազարը բաժանել են: «Նման բաներ մենք արդեն 15 տարի անում ենք, սոցիալապես անապահովներին ենք ձու տալիս…. ուրիշ տարիներին չամիչ ու ձուկ էլ ա եղել, էս տարի չկա»,- ասաց նրանցից մեկը:

Մարդիկ մոտենում էին, տալիս էին կտրոնը, ստանում քսան հատ ձու, տեղավորում տոպրակները եւ հեռանում: Նրանցից մի քանիսից հետաքրքրվեցինք, թե գիտեն արդյոք ով է այդ ձվերը բաժանում, առաջին անգա՞մն են ստանում նման «օգնություն», թե՞ էլի է եղել նման բան: Արաքսյան, ով առաջին անգամն էր ստանում, ասաց որ չգիտի թե ով է տալիս. «Իմ հոգսերը էնքան շատ են, որ չեմ էլ հետաքրքրվել, զանգել ասել են՝ արի վերցրու, ես էլ եկել եմ»,- ասաց նա եւ շտապեց հեռանալ: «Ես գիտեմ ինչ եմ անում, տալիս են՝ լավ են անում, մեռնեմ օրենքին»,- նույնիսկ հարցը մինչեւ վերջ չլսելով արագ ասաց մի տատիկ եւ գնաց: Մի կին էլ ասաց, որ ամեն տարի իրենց ձու Զատկի տոնին ընդառաջ տվել են, քանի որ մայրը պատերազմի վետերան է: Այն ժամանակահատվածում, որ մենք այնտեղ էինք, տարբեր մարդիկ էին գալիս եւ, ինչպես պարզվեց, շատերի համար ընդհանրապես կարեւոր չէր, թե ով է տալիս այդ ձվերը կամ ինչ նպատակով:

«Թաղապետարանից, ժեկից մեզ զանգել ասել են եկեք ստացեք, մենք էլ եկել ենք»,- ասում էին նրանք»,- գրում է «Հայկական ժամանակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում