Մուշեղ Իշխան (բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, գրաքննադատ, հրապարակախոս ու մանկավարժ)
Նմանատիպ
Մուշեղ Իշխանը (իսկական անունը՝ Մուշեղ Սրապիոնի Ճենտերեճյան) ծնվել է Թուրքիայի Անկարայի նահանգի Սիվրի-Հիսար գյուղաքաղաքում, 1914-ին։ 1915-ին Ճանտերեճյանների ընտանիքը տեղափոխվել է, 1923-ին՝ հաստատվել Դամասկոսում։ Մամուլում հաճախ նրա ծննդյան թվական է հիշատակվել 1913-ը (այդ իսկ պատճառով էլ ծննդյան 50-ամյակին նվիրված «Ոսկե աշուն» ժողովածուն լույս է տեսել 1963-ին), սակայն հեղինակը հետագայում ճշտել է այն, երբ 37 տարիների բաժանումից հետո հանդիպել է հարազատ մորը (նրան որդեգրել և խնամել է հորեղբոր կինը)։ 1915-ին ընտանիքով աքսորվել է Դեյր Զոր։ 1918-ին մահացել է հայրը։ Այնուհետև կրկին աքսորվել է։ 1928-ին ավարտել է Դամասկոսի Հայոց ազգային վարժարանը, 1935-ին՝ Բեյրութի Հայ ճեմարանը, 1938 – 1940 թթ. հետևել Բրյուսելի (Բելգիա) համալսարանի մանկավարժության և գրականության դասընթացներին։ 1941 – 1951-ին խմբագրել է Բեյրութի «Ազդակը» (օրաթերթ և շաբաթաթերթ)։ Հայ գրականություն է դասավանդել Բեյրութի Հայ ճեմարանում, որտեղ երկար տարիներ կատարել է նաև տնօրենի տեղակալի պարտականությունները։ Ճեմարանում Իշխանն աշխատեց մինչև իր կյանքի վերջին տարին՝ 1990 թվականը։
Կյանքի մյուս դրվագներին ծանոթանանք՝ հետևելով 1988 թվականին գրած նրա ինքնակենսագրությանը. «Մանկությանս վերջին լավագույն տարիները անցած են Դամասկոս։ Վկայական ստացած եմ Հայոց ազգային վարժարանեն 1928 թվականին։ Արհեստ սովորելու ձախորդ փորձերը ետք, հաջողեցա ինքզինքս նետել Կիպրոսի Մելքոնյան վարժարանը, ուր մնացի դպրոցական երկու տարեշրջան՝ աշակերտելով Հակոբ Օշականին։ Ուսուցիչներս միայն իր անունը կը հիշատակեմ, որովհետև իր անունին հմայքն էր զիս հոն քաշողը և իր գրական ըմբռնումներն ալ հետագային խոր ազդեցություն ունեցան իմ կազմավորմանս մեջ։ Մելքոնյանի ընթացքը առանց ավարտելու, երբ արձակուրդ եկա Պեյրութ 1930 թվականին, դարձա գիշերօթիկ սան Շանթի և Աղբալյանի նոր բացած Հայ ճեմարանին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում