Գիտեի

Առաջ գիտեի,
Թե մարդիկ ինչո՞ւ կուգային աշխարհ,
Արեգակն ինչ՞ւ կը թափեր ոսկի
Ծաղկաբաց ծառի ափերուն դալար
Ինչո՞ւ կը հնչեր երգը գետակի․
հիմա չեմ գիտեր…

Առաջ գիեի,
Թե ինչ կ’ըսեին աստղերը պայծառ՝
Կաքված կամարեն անհաս երկինքի,
Թե ո՛ւր կ’արշավեր վազքը տենդահար
Հավերժագնաց մեր մոլորակի.
հիմա չեմ գիտեր…

Առաջ գիտեի,
Թե ինչո՞ւ մարդոց ծիծաղին հորդուն
Կը խառնվի լաց, արյուն ու արցունք
Եվ ինչո՞ւ կյանքին հինավուրց ճամբուն՝
Վիհին կը նայի ամեն մեկ բարձունք․
հիմա չեմ գիտեր…

Առաջ գիտեի
Թե ի՞նչ կար կյանքեն, մահեն ալ անդին,
Ի՞նչ գանձեր ծածուկ ուներ ապագան
Եվ թե ո՞ր անսուտ, նորածագ լույսին
Կը բացվեր հանկարծ ամեն գերեզման․
հիմա չեմ գիտեր…

Մուշեղ ԻՇԽԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում