Թուրքիայում հայազգի զինծառայողի սպանության գործը կտարվի եվրոդատարան

Թուրքիայում Սևակ Շահին Բալըքչըին սպանած Քըվանչ Աղաօղլուին ազատազրկել  են 4 տարի 5 ամիս ժամկետով, սակայն վերջինս ընդամենը 2 տարին է անցկացնելու բանտում: Այս լուրը բողոքի ալիք է բարձրացրել ոչ  միայն Բալըքչի ընտանիքում, այլ նաև  հասարակության լայն զանգվածների մոտ։

 «Ակօս»-ի փոխանցմամբ` ընտանիքի փաստաբան Ջեմ Հալավուրթը նշել է, որ իրենք պատրաստվում են բողոքարկել վճիռը։

«Դատավճիռը, ինչպես հանրությանը, այնպես էլ մեզ, չի բավարարել։ Ինչպես այլ սպանությունների դեպքում, այս մեկն էլ իրականությունը չբացահայտեց, և մենք դրա ականատեսն եղանք։ Մարդիկ անկալում էին, որ սպանության բոլոր կողմերը կլուսավորվեն, սակայն դա տեղի չունեցավ»,-ասել է նա։

Փաստաբանը նշել է, որ մեղադրյալի և վկաների ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանում։ Դա ակնհայտ երևում է թղթապանակում առկա ապացույցների և վկաների ցուցմունքների անհամապատասխանությունից։ Երևում է, որ ցուցմունքները բռնությամբ են կորզվել։

Հալավուրթը տեղեկացրել է, որ դատավճիռը վճռաբեկ դատարանում է քննվելու, ինչից հետո դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

«Պետությունը պարտավոր է մարդու ապրելու իրավունքը պահպանել, և միջազգային դատարանը նման բազմաթիվ վճիռներ ունի հրապարակած։ Այդ դատավճիռների լույսի ներքո ակնհայտ է դառնում, որ Թուրքիայի պատժվելը շատ հավանական է»,-ասել է փաստաբանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում