Ադրբեջանը հայտնվել է մի կողմում, իսկ միջնորդները և հայկական կողմը՝ մեկ այլ ճակատում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)
Նմանատիպ
Քաղաքագետ, տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, թե արդեն ԼՂ հարցում ստատուս քվոն փոխելու ժամանակն է, տրամաբանության տեսակետից անսպասելի է համարում, սակայն սպասելի Ադրբեջանի որդեգրած քաղաքականության տեսակետից:
Tert.am-ի հետ զրույցում նա նշեց․ «Մի կողմից իրենց արտգործնախարարը խոսում է հարցի կարգավորման անհրաժեշտության մասին, խոսում է ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորության մասին, բայց մյուս կողմից բոլորս հստակ գիտենք և տեսնում ենք, թե ինչու այդ ամենը տեղի չի ունենում և որքանով է այստեղ շատ ադրբեջանական կողմի մեղավորությունը»:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը մատնանշեց, որ մեր արտաքին գերատեսչության ղեկավարությունը լավ պատասխան տվել է Մամեդյարովի հայտարարությունը՝ ասելով, որ հենված են երևակայությունների վրա:
«Պարզ է, որ Ադրբեջանն է ամեն ինչ անում, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հայտարարությունները չիրականանան: Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ իրավիճակը լարված պահպանելու համար և այդ լարվածությունը որպես քաղաքական գործոն օգտագործելու համար: Նաև Ադրբեջանն առիթը բաց չի թողնում կարգավորման անհրաժեշտությունից խոսելու մասին՝ ասելով, որ իրենք ամեն կերպ դրան են սպասում»,- ասաց նա:
Փորձագետը նկատեց, որ իրականում պաշտոնական Բաքվի պահանջատիրությունն առավելապաշտական է: «Նրանք որևէ զիջումներ, կապված Արցախի կարգավիճակի ճանաչման հետ, տարածքների հետ կապված, չեն ընդունում»,- նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշելով, որ այդ առավելապաշտությունն էլ ևս մեկ խոչընդոտ է ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց, որ հիմնախնդրի լուծմանը վերաբերող հայկական կողմի մոտեցումներն առավել մոտ են միջնորդների մոտեցումներին: Ըստ նրա՝ հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ադրբեջանը հայտնվել է մի կողմում, իսկ միջնորդները և հայկական կողմը՝ մեկ այլ ճակատում:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում