«Արմավիա»-ի պարտքը կմարվի բյուջեի՞ց

«168 Ժամ»-ի տեղեկություններով՝ այս պահին քննարկվում է «Արմավիա» ավիաընկերության հետագա ճակատագրի 3 տարբերակ: Ըստ առաջին տարբերակի, «Արմավիայի» սեփականատեր կարող է դառնալ ամերիկյան մի ընկերություն: Երկրորդ սցենարի դեպքում ավիաընկերությունը կարող են գնել իտալացի ներդրողները: Իսկ երրորդ տարբերակը, որն ամենահետաքրքիրն է, այն է, որ «Արմավիայի» 51 տոկոս մասնաբաժինը ձեռք կբերի ՀՀ կառավարությունը:

Վերջին սցենարը, թերևս, աննախադեպ կլինի այն առումով, որ անկախացումից հետո առաջին անգամ Հայաստանում ռազմավարական նշանակություն ունեցող մասնավոր ընկերությունը կանցնի պետական սեփականության: Ի դեպ, «Արմավիայի» միջազգային պարտքը’ ավելի քան 30 մլն դոլար, այսպես, թե այնպես, պետությունը, այսինքն’ հարկատուներս, պետք է մարենք, քանի որ սնանկացած ավիաընկերության պարտքը փոխանցվում է այն երկրի քաղավիացիային, որը թույլատրել էր տվյալ ավիաընկերությանը թռիչքներ իրականացնել: Իսկ քանի որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը պետական կառույց է, հետևաբար «Արմավիայի» պարտքը դառնում է պետական պարտք»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում