«Հայոց աշխարհ»-ի խմբագիրը մեկնաբանում է լրագրողին աշխատանքից ազատելու պատճառները

«Հայկական ժամանակ»-ը գրել է, որ ուրբաթ օրը աշխատանքից ազատվել է «Հայոց աշխարհ» թերթի լրագրող Կիմա Եղիազարյանը: Եղիազարյանը, ով այս տարի ամենօրյա ռեժիմով անխնա ջախջախում էր ընդդիմությանը, աշխատանքից ազատվել է, ինչպես ինքն է գրել. «Ֆեյսբուքի» իր էջում արված ընդդիմադիր գրառումների համար»:

Թեմայի շուրջ թերթը զրուցել է «Հայոց աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչյանի հետ, ով ասել է. «Յուրաքանչյուր թերթ ունի իր քաղաքականությունն ու նախապատմությունը: Յուրաքանչյուր լրագրողի գործունեություն պետք է տեղավորվի այդ քաղաքականության մեջ: Չի կարելի օրվա մի կեսը գրել ըստ թերթի ուղղվածության, մյուս կեսը’սոցցանցերում’դրան հակառակ: Դա վտանգավոր է նաև լրագրողի տեխնիկայի համար: Կիմա Եղիազարյանն այդ տարբերակն էր: Էստեղ խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակ չկա»:

Թերթի գլխավոր խմբագիրը հերքել է, թե լրագրողին աշխատանքից ազատել է նախագահական նստավայրի հրահանգով. «Կիման միշտ սովորություն է ունեցել գերագնահատել իշխանությանը: Եթե որևէ մեկը կարծում է, որ «Հայոց աշխարհ»-ի կադրային քաղաքականությունը ուղղորդվում է նախագահականից, ապա նա չարաչար սխալվում է: Բոլոր որոշումները ընդունում է միայն գլխավոր խմբագիրը և նա է պատասխանատու ցանկացած որոշման համար»,-ասել է Գագիկ Մկրտչյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում