Ներքին Կարմիրաղբյուրում փոքրից մեծ գեներալներ են

«Ազգը» ներկայացրել է պատկերներ սահմանամերձ գյուղերից. «Ասյա տատիկին Ներքին Կարմիրաղբյուրում բոլորն են ճանաչում: 1992-ի ձմռանը շուրջ չորս ամիս վաթսուն զինվորի իր տանն է պահել: «Նկուղում էին մնում, ես էլ իրենց համար ճաշ էի սարքում, տեղերն էին մաքրում: Հերթափոխով էին մնում: Երեսունը մնում էր, մյուս երեսունը բարձրանում դիրքեր: Նկուղում գետնին ցորենի հասկեր էր փռում, որ գոնե մի քիչ տաք ու փափուկ լիներ»,- հիշում է Ասյա տատը: Մի քանի անգամ գյուղի տղամարդիկ իրեն փայտ են բերել, որ վառի, տաքանա, «նվերն» ընդունել է, բայց ուղարկել է «դիրքեր»: «Ես ջհանդամ, թող երեխեքը վառեին տաքանային: Ինձ ոչ մի բան պետք չէ, մենակ էդ մարդկանց օրհնանքը գա իմ երեխեքին», ասում է տիկին Ասյան’ հավելելով, որ երկու որդիներն այսօր Գերմանիայում են: Թոռները հաճախակի են զանգում, նվեր ու գումար ուղարկում: «Թոռներիս շատ եմ կարոտել, որ զանգում են, ասում են’ տատի, տոմսը ուղարկենք, արի մեզ մոտ մնա, ասում եմ’ չէ, ես իմ գյուղից հեռացողը չեմ: Ես էստեղ ծնվել եմ, էստեղ էլ պիտի մեռնեմ: Դուք ջահել եք, ձեր կյանքը դասավորեք, մեր վախտն անցավ»:

Ներքին Կարմիրաղբյուրում այսօր բնակվում է 1150 բնակիչ: Պատերազմն այստեղ սկսվել է 1991-ից ու մինչ օրս չի ավարտվել: Հատկապես վերջին երկու տարիներին հակառակորդը շատ է ակտիվացել, հողատարածքները գյուղացիները չեն կարողանում մշակել: «Ավելի լավ է’ մենք հնարավորություն ունենանք, հողը մշակենք ու հողի հարկ վճարենք, քան մեզ ազատեն հողի հարկից, բայց գյուղացին վախենա ու չմտնի դաշտ: Էս ժողովուրդն ընդամենը մի բան է ուզում’ խաղաղություն:

Մենք շատ լավ գիտենք խաղաղության գինն ու արժեքը: Մեր գյուղում փոքրից մեծ բոլորը գեներալներ են, որովհետեւ իրենք են պաշտպանել գյուղը քսան տարի առաջ ու էսօր էլ, եթե հարկ լինի, էլի իրենք են զենք վերցնելու, որ պաշտպանեն»,- ասում է գյուղապետ Մովսես Կամենդատյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում