Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 9-ի համար հավաքագրում է քաղաքացիների բանակ

Ապրիլի 1-ին մեկնարկեց Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի քառօրյա «ազգային զորահավաքային» արշավը: Այն միտված է Ազատության հրապարակում ապրիլի 9-ին ժամը 11:00-ից սկիզբ առնող Նոր Հայաստանի երդմնակալության արարողության համար քաղաքացիների հավաքագրմանը: Այս մասին տեղեկացնում են Րաֆֆի Հովհաննիսյան շտաբից: Օրվա ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանն իր ռահակիցների՝ այդ թվում նաեւ Շատախ գումարտակի եւ Արաբո ջոկատի ազատամարտիկների ուղեկցությամբ այցելեց Կապան, Գորիս, Սիսիան, Եղեգնաձոր, Արարատ, Գորավան եւ Արտաշատ:

Արարատում հարյուրավոր աջակիցների մասնակցությամբ կայացած հանդիպման ընթացքում Հովհաննիսյանը մասնավորապես ասաց. «Ապրիլի 9-ին Ազատության հրապարակում մենք միասին կկերտենք պատմությունը»: Նա հավելեց, որ այդ օրը կգործի իրավաբաններից եւ պատգամավորներից կազմված արագ արձագանքման խումբը, որն ընթացք կտա մարզերից դեպի մայրաքաղաք քաղաքացիների տեղաշարժը խոչընդոտելու վերաբերյալ հաղորդումներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում