«Որոնվում են». ԱՄՆ-ում փակցված են Էրդողանի թիկնազորի անդամների նկարները

«Որոնվում են». ԱՄՆ-ում փակցված են Էրդողանի թիկնազորի անդամների նկարները

Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացրած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի անդամներն ԱՄՆ-ում հետախուզման մեջ են: Ամերիկյան լրատվամիջոցները հեղեղված են նրանց լուսանկարներով հրապարակումներով. երկրում տարածվել են պաստառներ թիկնազորի անդամների նկարներով և «Որոնվում են» գրությամբ:

Նման պաստառ փակցված է եղել այն մամուլի սրահում, որտեղ հունիսի 15-ին Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուսերը և ոստիկանապետ Փիթեր Նյուշեմը հայտարարեցին, որ մայիսի 16-ին խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացրած՝ Էրդողանի կողմնակից խմբի 12 անդամի ձերբակալության հրաման է տրվել:

«Ինչպես ավելի վաղ հայտնել եմ արդեն, դատապարտում եմ այս հարձակումը: Դա հակասում է մեր արժեքներին, քանի որ հարձակում էր ամերիկացիների հիմնարար իրավունքների կատարման դեմ: Մենք կոչված ենք պաշտպանելու և պահպանելու այդ իրավունքները», – ասել էր Վաշինգտոնի քաղաքապետը՝ ավելացնելով, որ ցանկանում են հստակեցնել իրենց դիրքորոշումը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ում երկու անձ է ձերբակալվել, որոնք նույնպես մասնակցել են Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանության առջև հայ, քուրդ, հույն և ամերիկացի ցուցարարների դեմ իրականացված հարձակմանը: Նրանցից մեկը շինարարական ընկերության սեփականատեր Էյուփ Յըլդըրըմն է Նյու Ջերսիից, մյուսը` Վիրջինիա նահանգի բնակիչ Սինան Նարինը:

Միացյալ Նահանգներ այցելող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները մի խումբ թուրք ազգայնամոլների կատաղի հարձակման թիրախ են դարձել: Մի քանի վիրավորներ արնաշաղախ հիվանդանոց են տեղափոխվել: Հայտնի է դարձել, որ հարձակումն իրականացրել են Էրդողանի անվտանգության աշխատակիցները: Ավելի ուշ հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է հենց Էրդողանը տալիս ցուցարարների վրա հարձակվելու հրահանգը:

Ցույցը կազմակերպվել էր Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի, Ամերիկայի Հելենական խորհրդի եւ մի շարք այլ՝ քրդական, ասորական եւ հունական կազմակերպությունների կողմից:

Կատարվածը դատապարտել էր ԱՄՆ պետդեպը, պետքարտուղար Թիլերսոնը՝ անընդունելի համարելով թուրքական հաշվեհարդարը Վաշինգտոնի կենտրոնում, Վաշինգտոնի քաղաքապետը և մի խումբ կոնգրեսականներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում