«Ատկատների» գործով նախկին պաշտոնյան ԱԺ օրենքներին եզրակացություններ է տալիս

Aravot.am-ի տեղեկություններով’մի քանի ամիս է, ինչ ՀՀ ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովում որպես փորձագետ է ընդգրկվել Արա Տեր-Գրիգորյանը (լուսանկարում), ում անունը հաճախ է կապվում «ատկատների» գործի հետ: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։

Նշենք, որ նա 2000-ից զբաղեցրել է Առողջապահության նախարարության աշխատակազմի Պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) պետի պաշտոնը, սակայն իր դիմումի համաձայն’ 2012-ի մայիսին նա ազատվեց այդ պաշտոնից: Պարոն Տեր-Գրիգորյանի’ աշխատանքից ազատման դիմումն անմիջապես հաջորդեց նրան, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդակցության ժամանակ հայտարարեց, թե առողջապահական հիմնարկները ստվերում են գործում, բուժհիմնարկները թաքցնում են իրական հաշվետվությունների ծավալը: Հիշեցնենք, որ ՊԱԳ-ը այն մարմինն է, որն իրականացնում է պետական պատվերի շրջանակներում բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների մասին պայմանագրերի կնքումը, հիվանդանոցների կողմից պետպատվերի շրջանակներում կատարված աշխատանքների որակի և ծավալի սահմանված չափանիշներին համապատասխանության վերահսկումը: Ա. Տեր-Գրիգորյանը առողջապահական բնագավառում համարվում է «ամենաերկարակյացներից»: Նա աշխատել է կուսակցական տարբեր պատկանելություն ունեցող առողջապահության նախարարներ Արարատ Մկրտչյանի (ներկայումս՝ «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի անդամ), դաշնակցական քվոտայով նախարարի պորտֆել ստացած Նորայր Դավիդյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Հարություն Քուշկյանի հետ։ Ա. Տեր-Գրիգորյանին հաճախ կապում են ՀՀ ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի անվան հետ’ նշելով, թե Տեր-Գրիգորյանը Առողջապահության նախարարությունում Ա. Բաբլոյանի «մարդն» է և ով մեծապես խթանել է Ա. Բաբլոյանի առողջապահական բիզնեսի ծաղկմանը:

Aravot.am-ը ՀՀ ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանից հետաքրքրվեց’ արդյոք նպատակահարմա՞ր է այն, որ անձնավորությունն, ում անունը կապվում է «ատկատների», պետական միջոցների ոչ ճիշտ բաշխելու հետ, այժմ ընդգրկված լինի ԱԺ հանձնաժողովում և օրենսդրական եզրակացություններ շարադրի: Նշված հարցերի կապակցությամբ, պարոն Բաբլոյանը փոխանցեց հետևյալը. «Եթե ամեն մարդ ՀՀ-ում աշխատեր այնպես, ինչպես Արա Տեր-Գրիգորյանն է աշխատում, մենք մեծ առաջընթաց կունենայինք: Նախ նա մինչև դիմում գրելը բազմիցս դիմել էր նախարարին, որ իրեն այլ աշխատանքի տեղափոխեն, քանի որ գտնում էր, որ բավականին երկար է աշխատել այդ պաշտոնում և հոգնել այդ պաշտոնից: Ես բարձր եմ գնահատում իր արժանիքները և փորձը: Ինչու չպետք է առողջապահության նման մի փորձառու կազմակերպիչը’ որպես փորձագետ, օգտագործվի կարևոր գործի մեջ, ինչպիսին է օրենսդրական գործունեությունը: Եթե ինչ-որ մեկը, ինչ-որ ատկատների մասին է խոսում, ես նրանց ուզում եմ ասել, որ նման բան չկա, եթե լիներ էլ, մենք լավ գիտենք, որ բոլոր տեսակի հնարավորություններն ունենք մարդկանց պատժելու: Որևէ մեկը նրան չի ազատել աշխատանքից, ինքն իր դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից: Իսկ մեր’ միասին աշխատած ժամանակը, ՀՀ-ի ամենածանր ժամանակն էր’ 1991-1997-ը: Այդ ժամանակ Արայի հետ կարողացել ենք ապահովել ամբողջ բանակի վիրավորների սպասարկումը մեր հիվանդանոցներում: Միասին այցելել ենք տարբեր երկրներ, որ դեղեր բերենք հասցնենք, բազում ծրագրեր ենք իրականացրել, որ տուժածներին պատերազմի ժամանակ օգնենք»»,- գրում է «Առավոտը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում