Եղիշե Չարենցի նամակը Մամիկոն Գևորգյանին (Նորք հանդեսի պատասխանատու քարտուղար)

Սիրելի Մամիկոն,

Մի՞թե վիճակված է վերուստ ինձ, թափառականիս, այնպես էլ «անլուր» մնալ, այդտեղի կյանքին անհաղորդ, եւ ո՞վ է, ո՞վ է, ո՞վ է այդ բանում մեղավոր, քան ինքը Մամգուն իշխանը, որից ես մի «записка» եմ ստացել միայն 9 պունկտից, որոնցից ամեն մեկը մի մեծ նամակի նյութ է, իսկ ամենավերջինը («Մի երկար նամակ գրել»)- հույս ու ավետում!
Օ, սիրելի Մամգուն, հայտնում եմ քեզ հենց էս գլխից, որ ես, Հայաստանից դուրս գալուս օրից, եւ ոչ մի նամակ չեմ ստացել որեւէ մեկից, եւ ոչ ոքի չեմ գրել (ի բաց առյալ քեզ գրած նամակս). հասկանալի թող լինի ուրեմն քեզ, իշխանիդ, թե որքան ուրախություն կարող է պատճառել ինձ, պոետիս, քո գրությունը, որը (a priori կարելի է ասել) այնքան հետաքրքիր բաներ պիտի որ պարունակե իր մեջ: Օ, սիրելի Մամգուն, լսի՛ր թախանձանքներիս եւ գրիր. գրիր քո մասին, Պետթատրոնի մասին, «Նորքի» մասին, գրական անցուդարձի մասին,- մի խոսքով – ինչի մասին որ կուզես,- եւ, վկա է էս գրիչս, որ քո էդ ըղձալի նամակի ամեն մի բառի համար հազարապատիկը կվարձատրի քեզ ալլահը, կամ, կուզե՞ս, նույնիսկ ես – նամակներով, գրքերով, ինչով կուզես!!

Ամենից առաջ «Նորքը»: Ի՞նչ է անում: Լույս կտեսնի՞, թե ոչ: Շատ հետաքրքիր կլիներ իմանալ բովանդակությունը: Հետո – Պետթատրոնը: Ի՞նչ ծրագիրներ ունի: Գրել էիր, որ դեկտեմբեր ամսին կխաղացվի իմ «Կապկազը». հօ՞դս ցնդեց արդյոք, թե դեռ լույս աշխարհ չի տեսել: Ի՞նչ են անում այդտեղ գրականները. հետաքրքիր է քո կարծիքը մեր արդի գրական իրականության մասին: Այստեղ է ընկ. Կարինյանը. նրա ասելով – ամայություն է, մեռյալ կետ, սպիտակ նիրվանա:

Եթե քեզ հետաքրքրում է իմ, նվաստիս, կյանքը, ապա պիտի ասեմ, որ ես երբեք այնքան ամուլ չեմ եղել, որքան հիմա: Չգիտեմ – կրիզի՞ս է, թե վերջ: Ոչ մի հատիկ թեմա, կամ թեմայանման մի բան չի պղտորում երեւակայությանս ջինջ մաքրությունը, ներողություն – դատարկությունը! Անամպ երկինք է հիմա երեւակայությունս, անարեգակ խավար: Պատճառը ես գիտեմ: Կուզե՞ս – քեզ էլ կասեմ, բայց ոչ ոքի չասես: Անցյալ ձմեռվա ընթացքում Երեւանը մի հսկայական գործ կատարեց իմ հոգեկան զարգացման զիգզագանման ուղիում. այն է` արմատախիլ արեց իմ մեջ այն ամենը, որ նայիրյան էր, ռոմանտիկ, տեղական: Ոնց որ կավիճով գրված էր էդ բոլորը իմ հոգու տախտակի վրա – Եվ ահա ճակատագրական մի ձեռք օրերի սպունգով սրբեց այդ ամենը մի ձմեռ – ու տեղը թողեց – բաց տարածություն: Շատ ուրախ եմ: Ինձ ավելի քան երեխայացնում էր այդ ռոմանտիզմը: Շնորհակալ եմ 1923 թվի Երեւանից: Բայց բանը նրանումն է, որ վերոհիշյալ «բաց տարածությունը» դեռ չի բեղմնավորվել! Եւ կբեղմնավորվի՞ արդյոք, եւ ինչո՞վ, եւ ե՞րբ – անհայտ է ինձ, պոետիս,- բայց մի բան ես զգում եմ, պարզ է ինձ համար. ինչով էլ որ բեղմնավորվի սրանից հետո իմ նայիրյան ռոմանտիզմից ազատագրված հոգին – բերքը ավելի բարձր, ավելի-ավելի լիքը ու հասուն կլինի, քան առաջվանը. ռոմանտիզմը, ինչ գույնի էլ նա լինի, մանկական է, երեխայական հասակը բնորոշող, ինչպես կրոնը մարդկային հասարակությունների զարգացման մեջ, – կամ ընդհակառակը` ծերության, մայրամուտային գոյավիճակի արգասիք է (որ վերջին հաշվով միեւնույնն է. երեխան եւ ծերուկը քչով են տարբերվում իրենց հոգեկանում) – ուրեմն, սիրելի Մամգուն, կեցցե կոնկրետ, պոզիտիվ վերաբերմունքը դեպի կյանքը,- մի վերաբերմունք, որ լուրջ է, ինչպես հարկ է լինել ամեն մի հասակն առած մարդու – եթե միայն այդ մարդը առողջ է ու կենսունակ եւ իրեն կապված է զգում վերելքի ճանապարհին գտնվող, հաղթող դասակարգին:

Ասածներիցս պարզ պիտի լինի, թե ինչու ես չեմ կարող շարունակել «Երկիր Նայիրին». նրա ժամանակն անցավ: Ես օրգանապես արդեն հեռու եմ այդ ամենից – եւ իմ առաջ հիմա, դեռեւս մշուշանման, ուրվագծվում է մեր, մարդկային, համամարդկային այսօրվա կոնկրետ կերպարանքը եւ ապագա կենցաղը (սովետական կարգեր +ամերիկանիզմ) – այդտեղ է ահա, որ նոր հյութեր պիտի գան, եթե միայն նրան վիճակված է գտնել – իմ ստեղծագործական կարողությունը:

Էսպես: Սրանով վերջացնենք: Մոսկվայում ձանձրացել եմ, բայց Հայաստան չեմ ուզում գալ. կուզեի գնալ Եվրոպա, գնալ Ամերիկա. գոնե աչքերով հաղորդակից լինել այն կուլտուրային, որի անունն է մաշինիզմ եւ տեխնիցիզմ – որի մասին այնքան անճարակ երեխայություններ է գրում Леф-ը,- եւ այնքան հանճարեղ – Ուելսը:
Բայց թուղթս վերջացավ: Օ, սիրելի Մամգուն – գրի՛ր: Եթե այս նամակս էլ անպատասխան մնաց – կմնա այս մի հատիկ տրադիցիան էլ կտրել Երկիր Նայիրիի հետ. չգրել անգամ մի նայիրցու – եւ պատասխան չսպասել:

Հասցես, որ չասես թե չգիտեի. Москва, Армянск. пер., д. N 2, Д. К. С. А., Егише Чаренцу.

Բարեւներ ինձանից ու Արփիկից:
Քո` Չարենց

Մոսկվա, 1924, 8, II

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում