Զարուհի Փոստանջյանն ու Սևանի քաղաքապետը հեռակա բանավիճել են

«Ժողովուրդը» գրել է, թե երեկ՝ երեկոյան, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակիչներն ահազանգել են ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին և հայտնել, որ Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը տեղի ոստիկանության աշխատակիցների հետ «տնետուն ընկած մեկ առ մեկ բնակիչներին զգուշացնում և «հաթաթա» է տալիս», որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպմանը չհամարձակվեն գնալ»։

Թերթի հետ զրույցում Ռուդիկ Ղուկասյանը՝ Ուդոն, նշել է. «Ես նման բաներից տեղյակ չեմ։ Ամենայն ազնվությամբ, նման բան չի էղել։ Թե Զարուհին որտեղից է նման բաներ հնարում, չգիտեմ։ Ստեղծագործելու մեծ ունակություններ ունեցող աղջիկ է»: Իսկ Զարուհի Փոստանջյանը հակառակը պնդեց. «Այդ ահազանգերը կան, ճիշտ են։ Իսկ Սևանի քաղաքապետը հանրահայտ մարդ է՝ իր արատավոր անցյալով ու ներկայով, հետևաբար ես չեմ ցանկանում մեկնաբանել իր ասածները»:
Թերթը նշում է, որ այսօր՝ ժամը 14:00-ին, Սևանում նախատեսված է հանդիպում Րաֆֆի Հովհաննիսյանի և բնակիչների հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում