Իրանը կոչ է անում Հայաստանին դատապարտել Սիրիայում քիմիական զենքի կիրառումը

Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին դիմում է ուղղել իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանին, որում կոչ է արել Հայաստանին դատապարտել ապստամբների կողմից վերջերս Սիրիայի ժողովրդի դեմ քիմիական զենքի կիրառումը:
«Որպես նման զենքի կիրառման զոհերից մեկը, Իրանի Իսլամական Հանրապետությունը կոչ է անում Հայաստանին գործադրել բոլոր ջանքերը՝ կանխելու համար ապագայում նման միջադեպերի կրկնությունը»,-ասել է Սալեհին: Նրա այս ուղերձը Նալբանդյանին է փոխանցել Հայաստանում Իրանի դեսպան մոհամադ Ռեիսին:
Նշենք, որ Սիրիան դիմել է միջազգային հանրությանը, որպեսզի Հալեպում քիմիական զենքի կիրառման հետ կապված անկախ հետաքննություն իրականացվի: Սիրիայում հակամարտող կողմերից և ոչ մեկը պատասխանատվություն չի կրում Հալեպում քիմիական զենքի կիրառման համար: Սիրիական կառավարությունը դիմել էր նաև ՄԱԿ-ին, որպեսզի հնարավորինս շուտ գտնվեն և պատժվեն մեղավորները՝ ապագայում նման փորձերը կանխելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում