Մինսկի խմբի համանախագահների Արցախ այցից նոր առաջարկներ սպասելը բարդ է ու վաղաժամ.Դ. Բաբայանը

Մինսկի խմբի համանախագահների Արցախի Հանրապետություն ապրիլի 4-ին սպասվող այցից նոր առաջարկներ ակնկալելը բարդ է ու վաղաժամ:«Արմենպրես»-ի հետ զրույցում նման դիրքորոշում հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Նա նոր առաջարկներ կատարելու համար օբյեկտիվ նախապայմաններ չի տեսնում: «Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական եւ ֆաշիստական քաղաքականությունը: Ես չեմ կարծում, որ նոր առաջարկների ժամանակն է: Բայց այնուամենայնիվ, կարեւոր առաքելություն է այն պատճառով, որ նրանք աշխատում են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման ուղղությամբ»- ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Ապրիլի 1-ից Բաքվում գտնվող եռանախագահները մտադիր են մեկնել Ստեփանակերտ’ ոտքով հատելով շփման գիծը: Ապրիլի 4-ին նախատեսված է ԵԱՀԿ դիտարկում, որի ընթացքում համանախագահները Թերթերի շրջանից կանցնեն Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջան, իսկ ապրիլի 5-ին շփման գծի Աղդամի հատվածում դիտարկման ժամանակ կվերադառնան Ադրբեջան:

Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների’ Արցախ այցելելու այս եղանակի եւ դրանում առկա հնարավոր «մեսիջների» մասին՝ Բաբայանը նշեց, որ վերջին անգամ, երբ նրանք ժամանել էին տարածաշրջան՝ Ադրբեջանում Նովրուզ-Բայրամ էին տոնում: «Այդ պետության ղեկավարությունը խնդրել է, որ համանախագահները, հաշվի առնելով այդ տոնակատարությունները, ապրիլի սկզբին ժամանեն Բաքու: Ժամանելով տարածաշրջան՝ համանախագահներն աշխատում են այցելել Արցախ, ինչը կարեւոր եւ պարտադիր պայման է: Այդ է պատճառը, որ նրանք նման աշխարհագրական ճանապարհ են ընտրել»,- ասաց Բաբայանը: Նա չբացառեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յան Քելլին (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) եւ Ժակ Ֆորը (Ֆրանսիա) ապրիլի մեկին ժամանել են Բաքու: Ադրբեջանի ղեկավարության հետ համանախագահները քննարկել են ԼՂ խնդրի կարգավորման հարցը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ վերջերս Փարիզում ունեցած իրենց հանդիպման արդյունքները: Համանախագահները Երեւանում ու Ստեփանակերտում էին մարտի վերջին տասնօրյակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում