Ապրիլի 9-ին Գյումրիի Թատերական հրապարակից քայլերթ դեպի Երևանի Ազատության հրապարակ

Գյումրեցի մի խումբ երիտասարդներ քայլերթ են իրականցնելու Գյումրիի Թատերական հրապարակից դեպի Երևանի Ազատության հրապարակ: Նրանք նպատակ ունեն մասնակցել ապրիլի 9-ին Երևանի Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին:

Կազմակերպիչները տարածել են հետևյալ հայտարարությունը.

«Հարգելի՛ հայրենակիցներ,
Սիրով ձեզ տեղեկացնում ենք, որ մի խումբ գյումրեցիների նախաձեռնությամբ քայլերթ ենք իրականացնելու’ Գյումրիի Թատերական հրապարակից դեպի Երևանի Ազատության հրապարակ’ մասնակցելու ապրիլի 9-ին կայանալիք հաղթահավաքին:

Սա բողոքի ակցիա է, որով մեր դժգոհությունն ենք հայտնում 2013 թվի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների զանգվածային կեղծիքների և պաշտոնական արդյունքների դեմ:
Մեր նպատակը հստակ է. պայքարելու ենք մինչև արդարության հաղթանակը: Ինչպես ասում են’ «Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում»: Քայլերթի ողջ ընթացքում մեզ կուղեկցի «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Բոլոր ցանկացողները կարող են միանալ մեր քայլերթին: Քայլերթը սկսելու ենք ապրիլի 7-ին’ առավոտյան ժամը 9.00-ին’ Գյումրիի Թատերական հրապարակից:

Գյումրի-Երևան ճանապարհի բոլոր քաղաքների և գյուղերի բնակիչները, ովքեր ցանկություն կունենան մասնակցել քայլերթին, մեզ կարող են միանալ ճանապարհից. միասին կշարունակենք մեր երթը դեպի Երևան:

Այս քայլերթը քաղաքացիական նախաձեռնություն է, որը կատարվում է օրենքի շրջանակներում: Մանրամասների համար կարող եք այցելել «Ժառանգության» Գյումրիի գրասենյակ’ ժամը 15.00-18.00-ը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում