«Մնաս բարյավ»
Նմանատիպ
Առտու մը դեռ մթնշաղ՝
Կըծավալվեր շող ու շաղ,
Ծաղկանց մեջ քեզ տեսա ես,
Կըժպտեիր լուսնո պես։
Աչերդ սիրո ատրուշան,
Մատներդ էին գիրգ շուշան,
Այտերդ վարդի նոր թերթեր,
Նայվածքեդ ծներ նոր եթեր։
Սիրտս թռա՜վ ոտքիդ տակ,
Սիրեցի քեզ, իմս հրեշտակ…
Սիրով եղան ձյուն մազեր,
Ըսին՝ կյանքը երազ էր։
Մինչդեռ դու չես սիրեր զիս,
Մ’իշխեր գոնե տկար սրտիս.
Ուր որ երթամ, դեմքդ ինձ հետ՝
Նայվածք չէ այդ… մահո՜ւ նետ։
Երբ անտառին խորըն նսեմ
Կերթամ լալ՝ լուռ մենաճեմ,
Դարձյալ հոն կըգտնես զիս,
Տերևներեն կխոսիս։
Երբ առվակին եզերքը՝
Նըստիմ սփոփել իմ վերքը՝
Դարձյալ դու կըգտնես զիս,
Ալյաց մեջեն կժպտիս։
Երբ լեռները կըփախչիմ,
Որ չտեսնեսնեմ քեզ, հանգչիմ,
Հողմույն մեջեն կըխոսիս,
Թե՝ դու բնավ չես սիրեր զիս։
Լուսնի լույսով գիշերը
Երբ ցողեն իմ աչերը,
Դարձյալ դու կըգտնես զիս,
Աստղերուն մեջ կըժպտիս։
Իսկ գերեզման երբ մտնեմ,
Քեզ հոն պիտի չգտնեմ…
Մնաս բարյա՜վ… հայուհիս,
Անգո՜ւթ, արցունք մ’ալ չունիս։
Պետրոս ԴՈՒՐՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում