Ծուլության վտանգավոր հետևանքները
Նմանատիպ
Մեր առօրյա կյանքում հանդիպող շատ խնդիրների և դժվարությունների հիմքում ընկած է ծուլությունը: Եթե ավելի ուշադիր ու հետևողական լինենք, ապա կնկատենք, որ հոգևոր կյանքում մեր անհաջողությունները մեծ մասամբ կապված են հենց ծուլության հետ: Առակաց գրքում մի հրաշալի հատված կա ծուլության մասին. «Երբ ծույլին ուզում ես մի տեղ ուղարկել, ասում է՝ ճանապարհին առյուծ կա»:
Բոլորս էլ ունենք տկարություններ, որոնք մեզ պարզապես խանգարում են ապրել, դրսևորել մեր անհատականությունը, կազմակերպել մեր հոգևոր կյանքը: Տրամաբանական է, որ առողջ կյանքով ապրելու համար մենք պետք է հրաժարվենք այդ բոլոր տկարություններից:
Հայտնի է, որ մարդն իր ունակությունների չնչին մասն է գործածում. Ունակությունների զգալի մասը այդպես էլ երբեք չի օգտագործում ծուլության պատճառով: Պատկերացրեք՝ որքան կփոխվեր մեր կյանքը, եթե մենք, մի կողմ դնելով ծուլությունը, փորձեինք ավելի լիարժեք կյանքով ապրել, ճիշտ կառուցել մեր հոգևոր կյանքը, հաղթահարել բոլոր վախերն ու անհաջողությունները: Ծուլությու՞ը, թե՞ առյուծն է մեր անհաջողությունների պատճառը: Բնականաբար, ծուլությունը, որը առյուծի նման հայտնվում է մեր ճանապարհին ու խոչընդոտ դառնում: Դրան հետևում են փոքրոգությունը, հուսալքությունը, հուսահատությունը, անգործությունը: Մարդը դադարում է պայքարել ու նմանվում այն ծույլին, ով ասում է՝ ճանապարհին առյուծ կա: Մենք չենք ուզում ճանապարհն անցնել, որովհետև վախենում ենք խնդիրներից, վտանգներից, արգելքներից և ընտրում ենք ոչինչ չանելը, անգործությունը, ինչը չի կարող անհետևանք մնալ:
Արդյունքում մարդը մնում է ձեռնունայն ու հուսալքված. նրան թվում է, թե այլևս ոչնչի ունակ չէ և մարդը դառնում է սպառող. ցանկանում է, որ իրեն ամեն ինչ տրվի, իրեն սիրեն և օգնեն, փոխարենը՝ նա ոչինչ չանի:
Ծուլությունը համարվում է մեղք, քանի որ ծույլ մարդն արժանի կերպով չի գնահատում իրեն տրված հնարավորությունները, արդյունքում մերժում է Աստծո շնորհներն ու կարողությունները: Երբ մարդուն ինչ-որ բան անկարելի է թվում, ապա վստահ կարելի է նշել՝ պատճառը ծուլությունն է. մարդն ընկել է ծուլության որոգայթը և մոռացել, որ Աստծո հետ ամեն ինչ հնարավոր է: Թեև Աստված չի դադարում Իր ողորմությունն ու սերը բաշխել մարդկանց և նույնիսկ ծույլերին, բայց ծուլությունն ազդում է մարդու վարքագծի վրա. մարդը լիովին կամազրկվում ու դառնում է անդդեմ կերպարանք՝ հեռանալով ճշմարիտ քրիստոնյայի կենսակերպից:
Ծույլ մարդը մշտապես արդարացումների կարիք ունի. ճանապարհին առյուծ կա:
Նա մշտապես մեղավորներ է փնտրում իր անհաջողությունների համար, և սա նույնպես տանում է անգործության ու անպատասխանատվության: Նույնիսկ եթե ճանապարհին առյուծ կա, մենք պետք է գիտակցենք, որ ճանապարհն այստեղ ընդամենը գործիք և միջոց է հասնելու մեր նպատակակետին, իսկ ճանապարհի յուրաքանչյուր խոչընդոտ կարող ենք հաղթահարել մեր հավատքով, Աստծուն ապավինելով և աղոթքով:
Թեև մենք գիտենք, որ ծուլությունը մեղք է, այնուամենայնիվ մենք ծուլանում ենք պայքարելու ծուլության դեմ, հաշտվում ենք այս իրողության հետ և փոխարենը կառուցելու մեր կյանքը, քանդում ենք այն, ինչ տրվել է մեզ Աստծո կողմից:
Ծուլությունն սկսում է թելադրել իր կանոններն ու փոխել մեր արժեհամակարգը, և ամենասարսափելին այն է, որ մենք սկսում ենք իրերն այլ անուններով կոչել՝ ինքներս մեզ արդարացնելու համար: Այլ կերպ՝ ծուլությունը բարիք գործելու անկարողությունն է:
Աստվածաշունչը վկայում է, թե ինչ կարող է լինել ծույլ մարդու հետ. «Ծույլը միշտ կարիքի մեջ պիտի լինի» (Առակաց 13 ): Մեկ այլ տեղում Աստվածաշունչը ծուլությունը համեմատում է քնի հետ. «Մինչև ե՞րբ գամված պիտի մնաս, ո´վ ծույլ, ե՞րբ պիտի զարթնես քնից, մի քիչ քնով ընկնես, մի քիչ նստես, մի քիչ ննջես, մի քիչ էլ ձեռքերդ հանգչեցնես կրծքիդ, և ահա աղքատությունը՝ ինչպես չար ուղևոր, կհասնի քեզ, և կարիքը իբրև ժիր սուրհանդակ կկանգնի դռանդ» (Առակաց 6): Քունը մի վիճակ է, երբ մարդու օրգանիզմի ակտիվ կապը շրջապատող աշխարհի և իրականության հետ կտրվում է: Նույն օրինակով ծույլ մարդն է կտրվում իրեն շրջապատող աշխարհից, իսկ սա տանում է հուսալքության ու հուսահատության: Ի վերջո ծույլ մարդը խուափում է պատասխանատվությունից, որովհետև Աստծո, տիեզերքի, բնության, մարդկանց հետ կապն արդեն ենթադրում է պատասխանատվություն:
Հոգևոր ծուլության պարագային էլ խնդիրը նույնն է: Դադարում ենք եկեղեցի հաճախել, աղոթել և սկսում ենք բողոքել ու դժգոհել: Մենք ենք մեր առօրյա հոգսերը վեր ենք դասում եկեղեցի հաճախելուց, մեր առօրյա մտքերը՝ աղոթքներից: Հովհան Ոսկեբերանը դիպուկ է ասում. «Արժե՞ ծուլության համար հասնենք դժոխք»: Իհարկե, չարժե ծուլության հետևանքով հասնել դժոխք, ավելի խելամիտ և աստվածահաճո է ծուլությունը հաղթահարելով արժանանալ դրախտի:
Ինչպե՞ս հաղթահարել ծուլությունը:
Առաջին պայմանը մեր ծուլությունը տեսնելն ու ընդունելն է: Ծուլությունը հաղթահարելու երկրորդ քայլը ծառայելն է. ծառայել Աստծուն, մարդկանց, բարիք գործել: Բարիք գործելը, ծառայությունը մարդու հոգին մաքրում են ծուլության հետևանքով առաջացած աղբից: Ծուլությունից ազատվելու ճանապարհին չպետք է մոռանալ, որ քրիստոնեության մեջ ոչինչ հենց այնպես և միանգամից չի լինում: Քրիստոնեության մեջ գործում է հանգիստ, հանդարտ, բայց հարատև առաջ գնալու սկզբունքը: Ամեն պահ մենք պետք է հետևողական աշխատանք տանենք ինքներս մեզ վրա, փորձենք ոչ թե շրջանցել դժվարությունները, կոնկրետ դեպքում, ծուլությունը, այլ հաղթահարել այն:
Տեր Եսայի քհն. Արթենյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում