«Սիամանթո և Խջեզարե»

Նախերգանք

Քո ծարաված սրտի համար երգիս ոսկե սափորով
Իմ Սիփանա Վանա ակնից պաղ ջուր առա ջերմ սիրով։

Աչքս բացվեց շուշանի պես, և աստղերով այս գիշեր
Լցվեց մատաղ երկինքն հոգուս՝ սիրտս դարձավ մի ծով սեր:

Սիամանթոն ու սիրածը այցի եկան ինձ հույսով,
Հովերի պես կուրծքս մտան իմ աչքերի դարպասով:

Հոգիս տարան դեպի Սիփան, դեպի ծովակն իմ Վանա,
Տարան դեպի դրախտաբույր բարձունքները Սիփանա:

Տարան ուխտի աղբյուրը սուրբ, տարան մինչև Աղթամար,
Որ չթողնեմ՝ գեթ իմ երգով՝ սիրո մեր ուխտն անկատար…

Բայց, ա՜խ, նրանց սիրո լացով ու կարոտով համբույրի
Իմ սափորում արցունք դարձավ ցողն հուշերիս աղբյուրի:

Եվ արցունքիս միջից վհատ ինձ նայեցին ու անցան
Սիամանթոն, Խջեզարեն՝ որպես մի զույգ ծիածան:

Նրանց անհույս աչքերի մեջ անբախտ մի սեր կարդացի,
Եվ իմ երգի արցունքներով նրանց սերը ես լացի:

Կարծես սիրույս ծաղիկները սրտիս վրա չորացան,
Ու ես ընկա մութ գիշերի փշերով լի մի կածան,

Ուր որ ջահել մի հայ հովիվ և քուրդ աղջիկ մի սիրուն
Երազներով իրար գտան մեր Սիփանա սարերում:

Համբուրվեցին հովերի պես, գաղտնի սիրո շղարշով,
Բայց պսակեց բախտը մռայլ նրանց սերը լոկ փշով։

Եվ դեռ ծաղիկ, իրար ծարավ, կորան անդարձ ու անտես՝
Անապատի բերանն ընկած երկու կաթիլ ջրի պես։

…Բայց թե՝ եկե՛ք, ո՜վ աղջիկներ, եկեք Սիփան ձեզ տանեմ
Գեթ երգի մեջ՝ աստվածային սիրո ճամփան ձեզ հանեմ։

Ում սրտի մեջ դեռ դատարկ է սիրո սափորն հայրենի՝
Եկեք տանեմ ձեզ Վանա ծով, որ աղբյուրն է Սիփանի:

Վերջերգ

Բայց այն ձորում, ամեն տարի, ամեն գարնան բացվելուն,
Երկու ծաղիկ են հայտնվում՝ երկու կակաչ տխրանուն։

Ասում են, թե չկար երկրում ոչ մի ծաղիկ՝ սիրտը սև,
Այն օրվանից աշխարհ եկան կակաչները սրտասև,

Երբ որ Խջեն, Սիամանթոն ընկան սիրո կես ճամփին,
Ընկան, հանգան, բայց սուրբ սիրուց աշխարհ եկան վերստին:

Աշխարհ եկան կակաչ դարձած, որ բացվում են դեռ այսպես՝
Իրենք կարմիր, սրտները սև՝ իրենց էն սև բախտի պես։

Ահա ինչու շուտ են թափվում նուրբ թերթերը կակաչի,
Շատ վիշտ տեսած՝ շուտ են թափվում՝ հենց որ մի չար ձեռ դիպչի.

Բայց թեքելով գլուխ գլխի՝ հավերժ իրար են նայում,
Մահվան մեջ էլ հավերժ սիրով, հավերժ իրար փայփայում…

Հովհաննես ՇԻՐԱԶ

Հետևեք մեզ նաև Telegram-ում