Կրակից առաջ

Վահեն իր առջև այլևս ոչինչ չէր տեսնում։ Գրեթե երկու օր էր նրանից պահանջվել թշնամու մարտական հենակետի մոտ հայտնվելու համար։ Երկու անքուն գիշեր: Եվ հիմա, երբ լուսաբացին ընդամենը մեկ ժամ էր մնացել, նա փորձում էր մտովի հասկանալ իր դիրքի բոլոր դրական ու բացասական կողմերը: Կբացահայտվի՞, թե ոչ: Գործն անելուց հետո ինչպե՞ս վերադառնա: Կհասցնի՞ պայմանավորված ժամին լինել իրեն սպասող զինակիցների մոտ…

«Наша служба и опасна, и трудна…», – հաշավարկներին զուգահեռ մտքում երգում էր Վահեն՝ անընդհատ փորձելով մտաբերել երգի հաջորդ տողեղերը: «И опасна, и трудна… Ո՞նց էր է էտ անտերը: Նա, նա, նա, նայ… как будто не видна… Այ քեզ բան: Ավելի լավա մերը երգեմ, հայկականը՝ Սասնա ահեղ կռվին Գլեգուզանցի հըմզեն, էրկու մանչն իր ղրկեց Գրքոյին քյոմագ», – մտքի երգը փոխեց Վահեն՝ զգալով, որ նախկինի բառերը հիշելու փորձն շեղում է իրեն հիմնական մտածելիքից: «Եղածը հազիվ 70 մետր լինի: Ստեղից էլ որ չկպնեմ, էլ ու՞մ եմ պետք: Նաղդ կպնող եմ: Մնումա երևան: Էսա լույսը կբացվի… Наша служба и опасна, и трудна… Թու քու, արա»:

Վահեն իրեն անհանգստացնող ինչ-որ բան էր զգում: Նախկին փորձը հուշում էր, որ ամեն ինչ ճիշտ է արված, պետք է որ խանգարող ոչինչ չլինի: Բայց նաև հասկանում էր, որ չի կարողանում կենտրոնանալ իր անելիքի վրա: Եղածը մեծ բան չէ՝ ևս մեկ ժամ ու ամեն ինչ ավարտված կլինի: «Կտրվել է պետք, Վահե ջան, – ինքն իրեն մտքում համոզում էր նա, – մի ժամ ու վերջ: Կգնաս տուն ու ինչքան ուզում ես՝ երազի: Կպառկես, քո համար ու կմտածես: Քեզ սիրողների մասին էլ կմտածես, քո սիրելիների մասին էլ: Տո կուզե՞ս՝ գլուխ էլ կգովես, թե ինչ տղա ես, ոնց եկար ստեղ, ոնց կրակեցիր, ոնց գնացիր…Մենակ հիմա կենտրոնացի, թե չէ ուրիշներն են քեզ գովելու: Ուրիշի գովածն ի՞նչ պիտի լինի: Էն էլ հետմահու», – ծիծաղելով մտածում էր Վահեն՝ կրկին իր մեջ ֆիքսելով, որ չի կարողանում կենտրոնանալ գործի վրա:

Իրավիճակը փրկելու համար նա որոշեց մի քիչ զենքով զբաղվել: Չնայած՝ առանձնապես զբաղվելու ոչինչ չկար: Իր զենքը Վահեն անգիր գիտեր: Ամեն ինչ պատրաստ էր: Լույսի մի փոքր հոսք էր պակասում միայն, ճիշտ այնքան, որքանը կբավականացներ ստվերները տարբերելու համար: Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է:

Վահեն նկատեց, որ անտառն անսովոր լուռ է: Անգամ թռչունները, որ այդ ժամերին արդեն լցնում էին երկինքը քաղցրանվագ ծլվլոցով, կարծես, այնտեղ չլինեին: Լռության այդ ահարկու պատի մեջ նա տագնապ էր զգում: Բայց նաև հասկանում էր, որ տագնապելու հազար այլ պատճառ ունի այդ պահին: «Ծտերի հերն էլ անիծած, ով գիտի խմել, քնած են մնացել: Ոչինչ էսա տես ոնց եմ արթնացնում դրանց», – կրկին մտածեց Վահեն ու աչքը հառեց հենց իր դեմքի կողքի փոքրիկ ծաղկին, որն իր չափերի համեմատ անհավատալի բուրավետ էր: Վահեի քիմքին հաճելի էր ծաղկի հոտը: Մտածում էր՝ հետը տանել, բայց հետո որոշեց ուղղակի հիշել այդ ծաղիկը՝ նույն այդ մթության ու միայնակության մեջ, որտեղ այդքան գեղեցիկ բուրում էր…

Ծաղիկը Վահեին նորից հեռուները տարավ մտքով: Սիրահարվածության ինչ-որ զգացողություն կար նրա սրտում: Վահեն չէր ուզում դրա մասին մտածել: Եվ ոչ միայն այն պատճառով, որ հենց այդ պահին տեղը հարմար չէր: Առհասարակ չէր ուզում։ Նա հասկանում էր, որ վերջերս հաճախ է սիրահարվում՝ խանութում միրգ վաճառող աղջկան, ռադիոյից հնչող երաժշտությանը, իր բակում աճող ծառին, ինքն իր զավականերին, կողքը բուրացող ծաղկին… Վահեի սիրտն սկսեց արագ աշխատել։ Վերջին այդ միտքն ամեն ինչ իր տեղը գցեց։ Հիմա նա արդեն գիտեր որն է իր ցրվածության պատճառը։ «Փառք Աստծո, ամեն ինչ լավ է ու ավելի լավ կլինի։ Մենակ դու հանգիստ շնչի, Վահե ջան, հան֊գիստ», – ինքն իրեն հանգստացնում էր նա։ Հաջորդ միտքը չուշացավ։ Այն արդեն ավելի հարց էր, քան զուտ մտորում. «Տեսնե՞ս ոնց կընդունի իմ զոհվելու մասին լուրը։ Ինչ հիմարություն՝ պարզ է, որ շատ ծանր։ Հոգեհանգստիս կգա՞։ Երևի չէ։ Լավ կլինի չգա։ Չեմ ուզում ինձ մեռած տեսնի։ Մեռած երևի գեշ կլինեմ։ Չնայած՝ մթոմ հիմա ի՞նչ եմ, – նորից քմծիծաղով մտածեց Վահեն, շարունակելով լուռ մենախոսությունը, – Տեր իմ Աստված, ներիր հիմարությունս։ Ո՞վ եմ ես, որ մարդկանց փորձության ենթարկեմ։ Ո՞վ եմ ես, որ ուրիշների զգացմունքների հետ խաղամ», – իր նախորդ մտքի համար Վահեն այնպես զղչաց՝ կարծես հաջորդ վարկյանին պիտի ինքնասպան լիներ։

«Բայց դե ճիշտը սիրելն է: Բոլորին է պետք սիրել, անմնացորդ», – շարունակեց մտորել Վահեն՝ ինքն իրեն բռնացնելով այն մտքի վրա, որ գործը, ինչի համար եկել-հասել էր թշնամու ճամբար, սիրելու հետ որևէ կապ չունի: «Եսիմ: Սիրելով սպանե՞լ… Ապրե՞լ հանուն սիրո։ Ինչպե՞ս լինել։ Իմ գլխում ամեն ինչ խառնվել է, ես ինքս ունեմ այնքան հարցեր…»:

Հանկարծ Վահեի բոլոր մտքերը չքացան: Ախ այդ զգացողությունը որքան ծանոթ էր նրան, երբ անհասկանալի մի տեղից` կարծես Բարձրյալից, գործելու հրահանգ ես ստանում: Ամեն ինչ մոռացվում է այդ ակնթարթում: Վահեն ձեռքը տարավ զենքի բռնակին: Պետք էր ամուր պահել զենքը: Չխեղդել այն ափի մեջ, բայց նաև այնպես սեղմել, որ զենքն իրեն զգա, ինքը՝ զենքը: Վահեն մատը դրեց ձգանին: Նրա ցուցամատի վերին հատվածը շատ ուղիղ պառկեց կեռանի վրա: Նա նայեց նշանոցին, հետո թշնամու դիրքին… Վահեի հայացքը կենտրոնացավ այնտեղ երևացող ստվերի վրա: Նա արդեն մտքով կանգնել էր հակառակորդի հենց գլխին, զենքն ու նշանոցը անհետացան Վահեի հայացքից: Նա հանգիստ արտաշնչեց, մեկ վարկյանում քարացավ։ Կար միայն թիրախ, ու շատ հարթ, նուրբ աշխատող ցուցամատ, որը հավասար ճնշելով ձգանի վրա այն իջեցրեց ներքև… Կրակ… Վերջ:

Նարեկ ՎԱՀԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում