Հուրգադայում հանցագործին վնասազերծել են ՀՀ վիրավոր քաղաքացու օժանդակությամբ

Հուրգադայում հանցագործին վնասազերծել են ՀՀ վիրավոր քաղաքացու օժանդակությամբ

Եգիպտական Հուրգադայում հուլիսի 14-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում, երբ անհայտ անձը հյուրանոցում հարձակվել էր զբոսաշրջիկների վրա, տուժած ՀՀ երկու քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում:

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը թվիթերի իր միկրոբլոգում գրել է.

«Հուրգադայում տուժած ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում։ Ցուցաբերվում է բուժօգնություն։ Հանցագործը վնասազերծվել է մեր վիրավոր քաղաքացու օժանդակությամբ»:

Ավելի վաղ Տիգրան Բալայանը հայտնել էր, որ չարագործի հարձակման արդյունքում վիրավորվել է ՀՀ երկու քաղաքացի:

Եգիպտական Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում անհայտ անձի կողմից սառը զենքով հարձակվելու հետևանքով երկու զբոսաշրջիկ, ենթադրաբար ուկարիանացի, սպանվել են:

Չորս մարդ ստացել է մարմնական վնասվածք: Անհայտ անձը մուտք է գործել զբոսաշրջային համալիր և սկսել անկանոն կերպով դանակով հարվածներ հասցնել այնտեղ առկա մարդկանց:

Միաժամանակ, երկրի ներքին գործերի նախարարությունը վստահեցրել է, որ հարձակման արդյունքում տուժել է վեց մարդ, նրանք հոսպիտալացվել են, նրանց քաղաքացիությունը ճշտվում է: Հայտնի է, որ հանցագործը հյուրանոց է մուտք գործել ծովի կողմից: Նա հարձակվել է տարբեր ազգությունների կանանց վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում