«Պարապություն»
Նմանատիպ
Չգիտեմ ի՞նչ անեմ
Պատեպատ եմ զարկվում:
Հազար բան եմ տնտղում` կույրի նման,
Ու հասկացած նրա ինչ- ինչոցը ` կրկին
Պատեպատ եմ զարկվում:
Չգիտերմ` ի՞նչ անեմ:
Լավ է ելնեմ- գնամ, տամ փողոցին տուրքս
Կամ հավաքեմ հարկս նույն այդ փողոցից:
Սակայն ինչի՞ գնամ, եթե կարիք չունեմ
Ես իմ տասը մատով իմ զույգ աչքի համար
Բանտի ճաղերի պես ինչ-որ բան եմ սարքում`
Ճակատս սեղմելով մտածում եմ,
Թե ի՞նչ անեմ հիմա: Եվ բանտային
Ճաղի արանքներից լուռ հածում է
Իմ հայացքը տարտամ: Ջղայնացած հազում,
Աչքերս ազատում եմ ճաղից տասնամատյա.
Թո՛ղ որ ապրեն ազատ,
Ո՞ւմ են վնաս տվել:
Եվ աչքերս էլ իսկույն շան պես վազում,
Դեմ-դիմացիս պատ ու ցանկապատին
Փակցված հայտերը և ազդերը բազում
Հոտոտում են, շան պես, որ ինձ օգնեն
Իմ երեկոն մի տեղ վաճառելու համար`
Մի թատրոնի
Կամ թե
Մի համերգի տոմսով…
“Երբ ժամանակ լինի” ասելով չէ՞ր,
Որ անցավ մեր կյանքը ,
Մինչդեռ այս վայրկյանիս`
Ժամանակի վիժվա՜ծք և գործի սո՜վ…
Եվ իմ ներսի ձայնը
Խաղաղությամբ մի բութ
Սկսում է ճնշել ու մամլել ինձ այնպե՛ս,
Որ ես քիչ է մնում “հե՜յ-հե՜յ” գոռամ`
Նախրապանի նման կամ հովվի պես.
Թո՛ղ իմ հոտ ու նախրի մտքովն ամգամ չանցնի,
Թե անտեր են իրենք:
“Հե՜յ-հե՜յ” կանչելն, անշո՛ւշտ,
Նո՛ւյնպես գործ է:
Բայց ես հո չեմ կարող
Անվերջ “հե՜յ-հե՜յ” կանչել:
Ուրի՛շ գործ եմ ուզում:
Իսկ ի՞նչ:
Այդ էլ գուցե աստվա՛ծ գիտի…
Պատացել է մութը արդեն վաղուց:
Ես հայացքով զարկվում եմ նրա խավար պատին`
“Լույս զվարթ” եմ երգում իմ մտքի մեջ
Եվ “Առավոտ լուսո”:
Սա էլ գործ է, հարկա՛վ,
Սակայն շատ լո՜ւրջ մի գործ,
Իմ ուժից վե՜ր մի գործ:
Եվ իմ ձեռքով, ահա՛, խմբավարի նման,
Կեղծ նոտայի վրա ինքս եմ ինձ ընդհատում,
Եվ այդ ինքնասաստման սուր շարժումից
Ձեռքերս սկսում են լուռ մտածել…
Ձեռքերս սկսում են լուռ մտածել,
Որ ձեռքերը ( իրե՜նք ) ունեն կյանքում
Շա՜տ ավելի գաղտնիք, քան թե սիրտը `
Այդ ինքնագոհ-գոռոզ-մեծամիտը …
Ու ձեռքերս հիմա չեն թվում ինձ
Ինչ-որ հավելվածներ անհարկավոր:
Ես իրար եմ զարկում նրանց ամուր
Ու թողնում եմ այդպես.
Թող կո՛խ բռնեն
Կամ աղոթե՛ն գուցե,- ի՜նչ կամենան:
Իսկ ոտներըս,
Խանդո՜տ այս ոտներըս,
Ինձ հանում են տեղից և ստիպում քայլել`
Հավանաբար, թաքուն մտածելով,
Թե դրանից աչքիս կբարձրանա
Նաև իրե՛նց հարգը …
Նո՛ւյն վայրկյանին
Ես հիշեցի հանկարծ, որ առավոտ կանուխ
Բեռնամեքենայով ձիեր էին տանում,
Հասկանո՞ւմ եք, այո՛,
Չե՞ք հասկանում:
Այո՛, ձիե՜ր`
Նրա՛նց
Որ բյուրավոր դարեր
Իրենց մեջք ու թամբով ամե՜ն ինչ են տարել,
Ողջ մարդկային ցեղի պատմությունը կրե՛լ,
Իրենց սմբակներով պատմությունն այդ գրե՜լ,
Նրա փոշին սրբել իրենց պոչո՛վ:
Ահա նրանք, այո՛, բեռ են դարձել հիմա
Այս քո փռշտացող մեքենայի համար,
Որ և այսօր, խնդրե՜մ, քո դարավոր
Փոխադրականդ է փոխադըրում…
Բեռնամեքենայի թափքում` ձիե՜ր,
Վախից կծի՛կ դարձած, դողդողացո՜ղ ձիեր,
Ամեն շրջադարձի ու կեռմանի վրա
Մե՛զ պես ( մարդո՜ւ նման ) ճկվո՛ղ-թեքվո՜ղ,
Մե՛զ պես ( և ավելի՜ ) զգուշացո՜ղ ձիեր…
Ես ձեզ այդ վիճակից ինչպե՞ս հանեմ, ձիե՜ր:
Լացս զսպեմ ու ձեր… ցա՜վը տանեմ, ձիե՜ր…
Եվ իմ ներսում ,
Որտեղ պարապությունն արդեն
Իր պյուռռոսյան տխուր հաղթանակն ե տոնում`
Տեսնելով իր գլխին մի կեղծ դափնեպսակ,
Իսկ իր չորսբոլորքում` ստույգ դիեր,-
Նո՛ւյն իմ ներսում հիմա, այս վայրկյանից,
Վրնջում են ձիե՜ր,
Խրխնջում են ձիե՜ր,
Դոփո՛ւմ,
Բերաններից կրա՜կ թափում
Ձիե՜ր…
Ձիե՜ր,
Այսքան ձիե՞ր…
Եվ ոտներըս, իբրև յուրատեսակ “մեղա”,
Ինձ կտրում են փափուկ մահճակալից,
Տանում-նստեցնում են ա՛յն աթոռին չորուկ,
Որի առաջ կա մի… տանջված գրասեղան:
Տանում-նստեցնում են այդ աթոռին չորուկ,
Որպեսզի… ե՜ս հիմա ձիեր տեղափոխեմ,
Ձիեր տեղափոխեմ ի՛մ միջոցով – ձե՛ր մեջ,
Որ խրխնջան նաև ձե՛ր մեջ ձիեր,
Որ վրնջան նաև ձե՛ր մեջ ձիեր,
Դոփո՜ղ,
Բերաններից կրա՜կ թապող
Ձիե՛ր…
Պարույր ՍԵՎԱԿ
Հետևեք մեզ նաև Telegram-ում