Կառավարությունը հրաժարական է տալու երդմնակալությունից հետո. Էդուարդ Շարմազանով
Նմանատիպ
Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ավարտվել է ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը:
Ինչպես տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը’ նիստի ժամանակ քննարկվել են հիմնականում ներքաղաքական եւ ներկուսակցական հարցեր: «Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ պատրաստվել են քարոզչական նյութերը»,- ասաց նա և հավելեց, որ կառավարությունը հրաժարական է տալու երդմնակալությունից հետո, իսկ մինչ այդ նոր նշանակումների հարց չի քննարկվել:
Շարմազանովի խոսքով’ նիստում արձանագրվել է, որ կազմակերպչական աշխատանքներն ընթանում են լավ, եւ ՀՀԿ-ն՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, պատրաստ է Երեւանի ավագանու ընտրություններին:
Անդրադառնալով Պռոշյանի գյուղապետի սպանությանը, Շարմազանովն ասաց, որ սա իրավական հարթության խնդիր է, եւ ժամանակից շուտ եզրակացություններ պետքչէ անել: Նա ցավակցեց Պռոշյանի գյուղապետի ընտանիքին հարազատներին, ընկերներին, ինչպես նաեւ անթույլատրելի համարեց ցանկացած քաղաքական շահարկում:
Նա ընդգծեց, որ ապրիլի 9-ին տեղի է ունենալու վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը, իսկ ընդդիմադիր դաշտում կատարվող իրադարձությունները «արդեն քաղաքական հնարքների դաշտից են, որորնք ուղղված են մայիսի 5-ի ավագանու ընտրություններին»:
Երեւանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 5-ին, քաղաքական ուժերը կպայքարեն Երեւանի ավագանու 65 տեղի համար: Ընտրություններում կգործեն 464 ընտրական տեղամասեր 13 ընտրատարածքներում:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ), «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Առաքելություն», Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունները և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը:
Քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 7-ին կավարտվի մայիսի 3-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում