Վարդավառի տոնախմբություն. Վերականգնենք մեր ազգային տոները
Նմանատիպ
Հուլիսի 22-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ թեմի երիտասարդաց միությունները կազմակերպում են Վարդավառի տոնախմբություն:
Ժամը 18.00-ին մասնակիցները ազգային երգ ու պարով, տոնական մեծ թափորով Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կքայլեն դեպի Մանկական զբոսայգի:
Կմասնակցեն «Մասունք», «Վարք հայոց», «Վան», «Վերադարձ», «Զարթոնք», «Նուբար» ազգագրական երգի-պարի խմբերը:
Այգում կներկայացվեն տոնի ժողովրդական սովորույթները, կցուցադրվի ներկայացում՝ Ջրհեղեղի և Նոյի ընտանիքի՝ տապանից դուրս գալու մասին: Կբեմադրվեն խնդումին և պուռմատիկինին նվիրված ծիսական դրվագները, ցորենի հասկերից խաչբուռ կպատրաստեն: Երիտասարդները խնձոր կխորովեն և կբաժանեն ներկաներին: Միջոցառումը կավարտվի խորհրդանշական ջրախաղով և աղավնիներ բաց թողնելով:
Նավասարդ Սրբազանի օրհնությամբ և աջակցությամբ թեմի երիտասարդները, «Վերականգնենք մեր ազգային տոները» խորագրի ներքո, ամեն տարի նոր շունչ են հաղորդում ազգային տոներին` ավելի մեծ ժողովրդականություն հաղորդելով դրանց, վերարթնացնելով ժողովրդական գեղեցիկ սովորությունները:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
Հետևեք մեզ նաև Telegram-ում