Facebook-ը հեղափոխական նորույթ է պատրաստել Android սարքերի համար (տեսանյութ)

Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը երեկ երեկոյան Կալիֆոռնիայում կազմակերպված հատուկ միջոցառման շրջանակներում ներկայացրել է ընկերության այդքան սպասված նորույթը։ Սակայն, ինչպես նշում է The Telegraph-ը, սեփական սմարթֆոնի վերաբերյալ մասնագետների կանխատեսումները սխալ դուրս եկան, քանի որ Facebook-ն իրականում ներկայացրել է բջջային հեռախոսի համար նախատեսված հեղափոխական հավելված։

 Ինչպես տեղեկացնում է  tert.am  լրատվական կայքը, Facebook Home անվանումը ստացած նորույթը նախատեսված է միայն Google-ի Android օպերացիոն համակարգի հիման վրա գործող սարքերում կիրառվելու համար։ Հավելվածը հնարավոր կլինի ներբեռնել Google Play Store-ից ապրիլի 12-ից՝ Ամերիկայում, իսկ գալիք շաբաթների ընթացքում՝ աշխարհի տարբեր երկրներում։

«Facebook-ն իր ապագան ավելի շատ տեսնում է բջջային հեռախոսների և պլանշետային համակարգիչների ոլորտում, քան անձնական համակարգչի էկրանին»,- ընդգծել է Ցուկերբերգը։ Նա նաև նշել է, որ իր ընկերությունը որևէ նպատակ չունի հրաժարվել Android-ից ու սեփական օպերացիոն համակարգը կամ սմարթֆոնը ստեղծել։

Հավելվածը պարունակում է սկզբունքորեն նոր գործառույթներ հաղորդագրությունների փոխանակման և ընկերների լուսանկարները դիտելու վերաբերյալ։ Սակայն Facebook Home-ը ներբեռնելուց հետո Android-ի մի շարք ստանդարտ գործառույթներ այլևս անհասանելի կդառնան։ Հավելվածի շնորհիվ ֆեյսբուքյան ընկերների մասին ամբողջ տեղեկությունը, ծանուցումներն ու սոցկայքի հետ կապված մյուս նորություններն անմիջապես կերևան էկրանին՝ օգտատիրոջը մշտապես կապի մեջ պահելով Facebook-ի հետ։

Ոլորտի վերլուծաբանները գտնում են, որ նոր հավելվածի օգտագործման լավագույն տարբերակը նախապես Facebook Home-ն իր մեջ ներառող սմարթֆոնի գնումն է։ Այս կապակցությամբ հարկ է նշել, որ թայվանական HTC ընկերությունը ներկայացրել է Facebook Home հավելվածն իր մեջ նախապես ներբեռնված HTC First սմարթֆոնը, որը սկզբում վաճառքի կհանվի ԱՄՆ-ում, իսկ ամառը՝ Եվրոպայում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում