Ադրբեջանն ուղղակի ձգձգում է պատերազմը. Էդուարդ Աբրահամյան

Lragir.am կայքի hարցերին է պատասխանել  «Չորրորդ Հանրապետություն» կուսակցության նախագահ, պատմական գիտությունների թեկնածու Էդուարդ Աբրահամյանը:

Ինչպե՞ս կգնահատեք արցախյան հարցի ներկա փուլը:

Բացասական եմ համարում բուն գործընթացը: Իրականում այդ հարցը փակված է 1994 թվականից, սակայն Հայաստանի Հանրապետության միմյանց փոխարինող քաղաքական իշխանությունները այդ իրականությունը չեն ուզում գիտակցել: Երևի ինչ-ինչ նյութական պատճառներից, հոգեբանական բարդույթներից ելնելով ձեռնտու չէ: Կողքից եթե դիտենք ձեր ասած «արցախյան հարցի ներկա փուլը» արդեն մոտ քսան տարի, ստեղծվում է տպավորություն, որ մենք հաղթել ենք, դարձել ենք բացարձակ թելադրող, սակայն ինքներս դրան չենք հավատում: Ցույց ենք տալիս քաղաքական չկողմնորոշվածություն և վախ, ինչը զգում են մեր հակառակորդները: Չկա արցախյան հարց, կա «Ադրբեջանի հիմնահարց», որն այսօր իսկ արդիական է և այդ հարցի լուծման բանալին գտնվում է Մոսկվայում և Երևանում:

ՀՀ նախագահական ընտրություններն ու այս տարի սպասվող Ադրբեջանի նախագահական ընտրությունները կարո՞ղ են բանակցությունների ներկա փուլի վրա որևէ փոփոխություն առաջացնել:

Նախ ոչ թե բանակցություններ են, այլ խորհրդատվություններ՝ անիմաստ, իմիտացիոն խորհրդատվություններ, որոնք բացասականից բացի ոչինչ չեն տալու ոչ ազգին, ոչ պետությանը: Ադրբեջանը ուղղակի ձգձգում է պատերազմը: Նախ, ալիևյան վարչակազմը օրըստօրե հզորացնում է իր բանակը, սակայն պատերազմ սկսելու «թույլտվության» հույսեր դեռ չունի. սահմանափակվում է ռազմական հռետորաբանությամբ: Հայաստանն էլ շարունակում է սպասել այն առաջնորդին, որը քաղաքական կամք ու պատասխանատվություն կունենա վերջնականապես վերացնելու հայ ազգի ու հայոց պետականության վրա կախված վտանգը: Ի դեպ, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը և Արցախի ժողովուրդը իրենց անվտանգության գոտին էլ ավելի ընդլայնելու համար որևէ մեկի «թույլտվություն» ստանալու կարիք չունեն: Ցավոք սրտի, ներկայիս իշխանությունների քաղաքականության հետևանքով աստիճանաբար ծառանում է Հայաստանի ու Արցախի լինել-չլինելու հարցը: Անարդարությունը կյանքի բոլոր ոլորտներում՝ օլիգարխիկ համակարգի շարունակական մոնոպոլիզացիան, իշխանությունների լեգիտիմ չլինելը, քաղաքական ուժերի «անողնաշարացումը», հասարակության մեջ վերջնականապես կոտրեցին պետության համար այդքան կարևոր հասկացությունը՝ ինչպիսին էր պետական մտածելակերպը:

Մինսկի խմբի համանախագահներն այս օրերին գտնվում են ՀՀ-ում և Արցախում, ի՞նչ հետևություններ կարող ենք անել նրանց վերջին այցելությունից:

Իսկ ին՞չ հետևություններ արեցինք նախագահական ընտրություններին մասնակցող, այդ նույն Մինսկի խմբի երկրների դիտորդների ներկայությունից ու հայտարարություններից: Համատարած ընտրախախտումների ու անօրինականությունների ֆոնին, դիտորդները արձանագրեցին առաջընթաց, թափանցիկություն և ազատ ընտրություններ, ինչը իրականությանը չի համապատասխանում: Կհարցնեք ինչո՞ւ: Հարցի պատասխանը պարզ է, այդ երկրներն այսօր շատ ավելի լուրջ ու հրատապ խնդիրներ ունեն, որոնց լուծումն իրենք չեն գտնում: Այդ դեպքում իրենց Հայաստանի խնդիրները շատ ավելի քիչ են հետաքրքրում, քան իրենց երկրների ապագան: Նույնը Մինսկի խմբի համանախագահներն են: Կարծում եմ, նրանք շատ ավելի ուրախ կլինեին, որ իրենց երկրների այդքան խնդիրներից զատ հիմա էլ Արցախի հիմնախնդիրը «փաթաթած» չլինեինք իրենց վզին: Նույնիսկ այնպիսի ռազմա-քաղաքական դաշինքն, ինչպիսին ՆԱՏՕ-ն է, Հարավային Կովկասն իր անվտանգության գոտու մեջ չի ներառում: Այդպիսով, կարելի է եզրակացնել, որ Մինսկի խումբը որևէ էական բան Հայաստանին չի տալիս: Այն, հատկապես ներկա ժամանակաշրջանում, հանդիսանում է «բանակցությունների» բեմադրության դեկորացիա: Շատ ավելի ճիշտ կլիներ, եթե Ձեր ասած «Արցախյան հարցը» դառնար հայ-ադրբեջանական ներքին խնդիր և ավելորդ միջազգայնացում չստանար: Այդ դեպքում հեշտ կլիներ նախ հեռու պահել որոշ երկրների ներգործությունն ու շահարկումներն այս հարցում, երկրորդն էլ՝ առիթ և նախադրյալներ կստեղծեր «Ադրբեջանի հիմնահարցը» մեր ցանկությամբ լուծելու, կամ գոնե ինչ-որ քայլեր այդ ուղղությամբ անելու համար: Մենք ավելի մեծ ներուժ ունենք, քան մեզ թվում է, մեր անվտանգության հետ կապված հարցերում մեզ միջնորդներ պետք չեն:

Ըստ ձեզ, ի՞նչ ձևաչափով կամ ո՞ր հարցի շուրջ հնարավոր է արդյունավետ աշխատել միջազգային հանրության հետ:

«Միջազգային հանրություն» կոչվածին պետք է հստակ հասցնել այն միտքը, համաձայն որի, Հայաստանի Հանրապետությունը, ազգային անվտանգությունից և ազգային պետական շահերից ելնելով, կարճ ժամանակահատվածում պահանջում է Ադրբեջանի իշխանություններից անհապաղ բացել բոլոր ճանապարհային կոմունիկացիաները և դադարեցնել շրջափակումը, որը կասեցնում է Հայաստանի Հանրապետության անձի, հասարակության և պետության զարգացումը: Այս բացահայտ թշնամական քայլը անդառնալի հարված է հասցնում Հայաստանին, որպես պետություն, և հարցականի տակ է դնում հայ ազգի ու պետության ազատ զարգացումն ու գոյությունն ընդհանրապես: Միջազգային կառույցներին պետք է հստակ նշել, որ, ելնելով վերոնշյալից, Հայաստանի Հանրապետությունն իրեն գերակա իրավունք է վերապահում’ իր ազգային անվտանգության խնդիրը լուծել միակողմանի տարբերակով: Այն է, եթե Ադբրեջանը ինքնակամ չի բացում շրջափակումը, ապա դրա իրավունքը վերապահվում է Հայաստանի Հանրապետությանը, և Ադրբեջանին ուժով պարտադրվում է հարգել Հայաստանի Հանրապետության շահերն ու անվտանգ զարգանալու հիմնարար իրավունքը: Ուժի միջոցով վերահսկողություն հաստատելը մեր կենսական կոմունիկացիաների նկատմամբ լիովին արդարացված է, և որևէ էական խնդիր միջազգային կազմակերպությունների հետ չի լինի, հակառակ դեպքում, կստացվի, որ նրանք դեմ են մեր գոյությանն ու ազատ, անվտանգ ապրելու իրավունքին: Այլ կերպ ասած, Հայաստանը չի սպասում մինչև Ադրբեջանը պատերազմ սկսի իր համար ձեռնտու տարբերակով, այլ Հայաստանն է կանխարգելիչ հարված հասցնում, այդպիսով’ վերջնականապես լուծելով «Ադրբեջանի հիմնահարցն» ու ստանալով բաց և անվտանգ ճանապարհներ իր դաշնակիցների հետ:

Բայց այս դեպքում ստացվում է այնպես, որ մենք ենք հրահրում պատերազմ:

Տեսնելով Ադրբեջանի ակտիվ սպառազինումն ու բացահայտ պատրաստությունը պատերազմին, տեսնելով աղետալի մակարդակի հասնող արտագաղթն ու իշխանությունների անգործունակությունը’ կարելի է եզրակացնել, որ ժամանակն աշխատում է մեր դեմ: Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու դեպքում նրանց թիրախը չի լինելու միայն Արցախի տարածքը. նրանք ողջ Հայաստանի Հանրապետությունը սարքելու են պատերազմի թատերաբեմ: Այդ դեպքում մենք կրկնակի կորուստներ կտանք, քան իմ առաջարկած տարբերակով: Ոչ մի տարբերություն չկա պատերազմում զոհվածների և Հայաստանը մշտական լքող հազարավոր ընտանիքների միջև: Պետության համար երկու տարբերակն էլ անդառնալի կորուստ են: Ուղղակի առաջինի՝ պատերազմի տարբերակում հնարավորությունը, որ կշահես, կունենաս անվտանգ ցամաքային սահման քո դաշնակից Ռուսաստանի կամ Ադրբեջանի տարածքի վրա ձևավորված նոր պետությունների հետ, շատ ավելի մեծ է, քան թե հանգիստ դիտես Հայաստանի ամենօրյա արյունաքամ լինելը’ տնտեսության փլուզման, արտագաղթի ու հիասթափության տեսքով: Հույսդ դնես ոչ թե քո պետության հնարավորությունների, այլ Ռուսաստանի վրա, որը թույլ չի տա Ադրբեջանին հարձակվել: Ուղղակի համեմատեք մեր պետության ռազմական ռեզերվը 1994-95 թթ. և տեսեք, թե հիմա ինչքան է այն կազմում: Այս վերջին քսան տարին անցել է առանց որևէ հաջողության, իսկ մենք շարունակում ենք «բանակցել», իրականում մենք մեր գերեզմանափոսն ենք փորում: Այլ տարբերակ չկա: Մենք պետք է շուտափույթ կերպով լուծենք մեր գոյության ու անվտանգության հարցը: Բանակցել, հանուն խաղաղության, մի երկրի հետ, որը քո գոյությունը հարցականի տակ է դնում հօգուտ իրեն՝ ուղղակի ծիծաղելի է: Ոնց որ գառները փորձեն խաղաղ գոյակցել գայլերի հետ, կամ հակառակը: Էմոցիաներից եթե զերծ մնանք, դիտարկենք զուտ ազգային անվտանգության տեսանկյունից, ապա կտեսնենք, որ այսպիսի անորոշ վիճակը կործանարար է Հայաստանի համար:

Ի՞նչ եք կարծում, Արցախի հարցում ինչ զարգացումներ կարելի է սպասել, տարածաշրջանում ընթացող փոփոխությունների համատեքստում: Նկատի ունենք Սիրիայի, Իրանի շուրջ ընթացող գործընթացները:

Ադրբեջանը ներկայում շատ բարդ դրության մեջ է հայտնվել: Իր էթնո-քաղաքական դաշնակից և բարեկամ Թուրքիան Արևմուտքի խաղացողների կողմից ակտիվորեն դուրս է մղվում սկզբում Բալկաններից, իսկ հիմա էլ մերձավորարևելյան գործընթացներից: Այժմ ՆԱՏՕ-ի շրջանակներում պարբերաբար քննարկվում է Թուրքիայի մեկուսացման հարցը: Համոզված եմ, որ Սիրիայի և Իրանի շուրջ ծավալվող գործընթացները Հայաստանին հիանալի հնարավորություն են տալիս մի քանի քաղաքական քայլերի շնորհիվ ողջ տարածաշրջանում ակտիվ և ինքնուրույն խաղացող դառնալ: Ի դեպ, դա ձեռնտու է և Ռուսաստանին, և Արևմուտքին: Սա այն միակ դեպքերից մեկն է, որտեղ թե´ ԱՄՆ-ի, և թե´ Ռուսաստանի շահերը կարող են համընկնել: Ցավոք սրտի, գրեթե համոզված եմ, որ Սերժ Սարգսյանի գլխավորած վարչակազմը չի գնահատի այս պահն ու չի օգտվի ընձեռնված հնարավորությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում