Մայրության և գեղեցկության տոնի առիթով, Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի մի շարք ոլորտներում աշխատող կանանց

Մայրության և գեղեցկության տոնի առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, նաև ՔԿԱԳ ոլորտներում աշխատող կանանց:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Շնորհավորելով ներկաներին’ Տարոն Մարգարյանը, ընդգծելով կանանց դերն ու զգալի ավանդը հասարակական կյանքում, շնորհակալություն է հայտնել նրանց հարազատ քաղաքի զարգացման գործում ունեցած ներդրման համար:

«Այս հրաշալի տոնի նախօրեն ևս մեկ առիթ է, որ ասենք՝ շնորհակալ ենք ձեզ, շնորհակալ ենք, որ դուք կաք, որ մեր կողքին եք ու որ օգնում և օժանդակում եք մեզ՝ տղամարդկանց, մեր երկրի ու մեր սիրելի մայրաքաղաքի շենացման գործում:
Համոզված եմ, որ ինչպես եղել է մինչև հիմա, այսուհետ նույնպես շարունակելու եք նվիրումով ձեր ավանդը բերել մեր սրտի մայրաքաղաքի բարօրությանը՝ վաղն այն ավելի լավը տեսնելու ձեր անսասան հավատով»,- մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորին’ նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված ընդունելության շրջանակում նշված ոլորտների 29 աշխատակիցներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով:

Ընդունելության ներկաներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետին ջերմ ընդունելության և գնահատանքի համար ու վստահեցրել, որ, քաղաքապետի կողմից մշտական ուշադրությունն ու հոգածությունը նաև պարտավորեցնում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում