Մեր ազգային հպարտություն հանդիսացող ծիրանենու արտադրությունը ամուր հիմքերի վրա է. Գյուղնախարար

Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը «Ծիրանի գենետիկական ռեսուրսների պահպանում եւ օգտագործում» ծրագրի շրջանակներում նախաձեռնել են կոլեկցիոն այգու հիմնում: Ապրիլի 5-ին ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շրջայց կատարեց կոլեկցիոն այգում՝ տեղում ծանոթանալով կատարված եւ կատարվելիք աշխատանքներին:

Շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում Սերգո Կարապետյանը կարեւորեց ծրագրի իրականացումը hանրապետության գյուղատնտեսության զարգացման առումով: Նա նշեց, որ ծրագրի իրականացումը, ծիրանենու գենետիկ ռեսուրսները պահպանելուց բացի, երկրում կխթանի եւ կամրապնդի նշված պտղի արտադրության կայուն հիմքերը:

«Կոլեկցիոն այգին բաց է լինելու բոլոր գիտնականների, հետազոտողների, ինչպես նաեւ արտադրողների առջեւ: Ցուցադրական այգիներում լայնորեն կներկայացվի նոր ագրոտեխնիկայի կիրառումը, կկազմակերպվեն դասընթացներ մեր ֆերմերների համար»- ասաց նախարարը:

Գյուղնախարարի խոսքով՝ Հայաստան են ներկրվել նաեւ եվրոպական ծիրանենու 12 սորտեր:Այդ տնկիները փորձարկումից հետո կբաժանվեն հանրապետության ողջ տարածքով մեկ: Այդ սորտերի մեծ մասը ինքնափոշոտվող են’ ի տարբերություն հայկական սորտերի, որոնք բացառապես խաչաձեւ փոշոտվող տեսակներ են

«Վերջապես մեր ազգային հպարտություն հանդիսացող ծիրանենու արտադրությունը կդրվի ամուր հիմքերի վրա՝ բարձրացնելով ֆերմերների եկամուտները: Նաեւ հետագա սելեկցիոն աշխատանքների իրականացման համար կստեղծենք ամուր բազա»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ կոլեկցիոն այգու տարածքը կներառվի պետության կողմից հատուկ պահպանվող տարածքների ցանկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում