«Տիեզերքի պերճ հյուսվածքն եմ»
27/07/2017 16:50
Նմանատիպ
Տիեզերքի պերճ հյուսվածքն եմ,
Իմ մեջ երկինքն է երգում.
Բռնկում է սիրո հրդեհն,
Վշտի հեղեղն աղմկում…
Եթե հոգուս ճոխ երգերից
Մի մեղմ հնչյուն, նազելի՛ս,
Քո ականջը միայն շոյե,—
Հիացքներով կը դյութվիս:
Եթե սիրուս վառ հրդեհից
Մի նսեմ կայծ, սևաչյա՛,
Վառ սրտումըդ միայն շողա,—
Բուռն հույզերով կայրվիս:
Եթե վշտիս ջերմ հեղեղից
Մի ջինջ կաթիլ, սիրելի՛ս,
Չքնաղ կըծքիդ միայն ծորե,—
Բյուր վշտերով կը լցվիս:
Տիեզերքի պերճ հյուսվածքն եմ,
Իմ մեջ երկինքն է երգում,
Բռնկում է սիրո հրդեհն,
Վշտի հեղերն աղմկում…
Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում