Ապրիլի 8-ի «Ժառանգության» նիստում Րաֆֆին կասի, թե ինչ է անելու ինաուգուրացիայի օրը

Նախորդ օրը տեղի է ունեցել «Ժառանգության» քաղխորհրդի նիստը: Երկուսուկես ժամ տևած նիստի ընթացքում, այնուհանդերձ, ներկաներից որևէ մեկը չի հասկացել, թե ինչ է մտադիր անել Րաֆֆի Հովհաննիսյանն ապրիլի իննին’ իր ինաուգուրացիայի ժամանակ: Խոսվել է գրեթե ամեն ինչից, և, այնուհանդերձ, հարցը բաց է մնացել: Րաֆֆին ասել է, որ ինքը գիտի իր անելիքն ու սցենարը, սակայն ցանկանում է լսել կուսակիցների առաջարկները, ավելին’ ասել է, որ կարող են գրել այդ օրվա իր ելույթը, միասին կքննարկեն: Այնուհետեւ անդրադարձ է եղել երեկվա միտինգին. Րաֆֆու կարծիքով, պետք է տասը հազար մարդ այդ միտինգին ներկա լինի, երեք հարյուր հազար մարդ’ ինաուգուրացիայի օրը: Քննարկվել է նաև հարցը, թե ինքը պետք է գնա՞ Գյումրի ու գյումրեցիների հետ գա Երևան’ ինաուգուրացիայի, թե՞ սպասի գյումրեցիներին Երևանում: Որոշվել է’ Երևանում (Գյումրի կգնա Արմեն Մարտիրոյանը), որովհետև այդ օրը’ ապրիլի յոթին, սկսվում է նաև Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, ու պետք է Րաֆֆին «տեղում» լինի: Րաֆֆին նաև իր զայրույթն է հայտնել’ սեպարատ, Ազատության հրապարակում Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի հիշատակին կազմակերպված մոմավառության ակցիայի առիթով. Րաֆֆին տեղեկացրել է, որ կազմակերպիչները զանգել են իրեն, ինքն ասել է. կարող ենք միասին’ մեր միտինգի օրը դա կազմակերպել, սակայն «զանգողներն» առանձին են գնացել: Ի դեպ, ապրիլի ութին նախատեսված է «Ժառանգության» շտաբի հաջորդ նիստը, որի ժամանակ հաստատ Րաֆֆին կասի, թե ինչ է անելու ինաու-գուրացիայի օրը’ հաստատում են «Ժառանգության» ներկայացուցիչները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում