Ավետիք Իսահակյանի մասին
Նմանատիպ
…Առայժմ խորհում եմ Քուչակի և Իսահակյանի մասին. երկուսն էլ գերել են ինձ:
Ես սիրեցի Իսահակյանին քնքշորեն:
…Իսահակյանը առաջնակարգ բանաստեղծ է, թերևս այժմ այդպիսի պայծառ ու անմիջական տաղանդ չկա ողջ Եվրոպայում:
Ալեքսանդր Բլոկ
…Իսահակյանի ստեղծագործության մեջ ջարդված և բեկված բան կա, և դա հատուկ սրություն է տալիս նրա բանաստեղծություններին…որոնք լեցուն են տառապանքով, անհանգիստ են, ուժգին:
Իսահակյանի գրական հարստությունը կարելի է բաժանել երկու մասի: Առաջինը բովանդակում է իր երգերը, որոնց մեջ նա այնպես մոտեցավ ժողովրդական քնարերգության կազմին, որ բանաստեղծություններից շատերը թվում են ժողովրդական երգերի նոր շարք` անանուն երգիչների ստեղծումներ:
…Իսահակյանի ստեղծագործության երկրորդ մասը կազմում են նրա անդրադարձ բանաստեղծությունները և իր մեծ պոեմը` ‹‹Աբու-լալա Մահարին››:
Հ. Հովհաննիսյանը, Հովհ. Թումանյանը, Ավ. Իսահակյանը… հայ գրականության երկնակամարի ամենապայծառ ‹‹եռաստեղությունն›› են կազմում, և այդ գրականության պատմական ուղիները անցնում են այս երեք գրողների գործունեության միջով:
Վալերի Բրյուսով
…Իսահակյանի բանաստեղծությունների գեղանկար բազմակերպության մեջ ապրում է իսկական մեծ պոեզիայի հոգին:
…Նրա ողջ ստեղծագործությունը երգ է Հայաստանի անցյալի, ներկայի և ապագայի մասին:
…Իսահակյանի բոլոր բանաստեղծությունները կրում են իրենց վրա մեղմ ու ջերմ լույս և ներծծված են այդ լույսով: Նրա թախիծը պայծառ է, ինչպես կասեր Պուշկինը. նրա բանաստեղծական պատկերի աշխարհը լուսավոր է, արևը այդ աշխարհում մայր չի մտնում. այդպիսի հոգեկան հայտնության և քնարական անմիջականության գուրգուրում չի իմացել ո՛չ մի ժամանակակից: Վիշտն ու ցասումը նրա մոտ երբեք չեն վերածվում խավարի և չարության:
…Նրա մեջ խոսում է երկրի հավերժ երիտասարդությունը, հավերժ երիտասարդությունը այն բնության, որ ստեղծել է այն երկրի երևույթը, որին անվանում ենք Հայաստան:
Նիկոլայ Տիխոնով
Իսահակյանը պատկանում է այն բանաստեղծների դասին, որոնք հազվադեպ են ծնվում: Նրանով հպարտանալու իրավունք ունի յուրաքանչյուր, նույնիսկ ամենահարուստ գրականություն:
Նրա հարուստ պոեզիան մի քանի տասնամյակիների ընթացքում օգնել է ինձ ապրել:
Ես համոզված եմ, որ նա կապրի դարեր ու դարեր:
Իլյա Էրենբուրգ
Ավետիք Իսահակյանը հայ կլասիկ պոեզիայի փառավոր ավանդների օրինավոր ժառանգն ու շարունակողն է: Միաժամանակ ինքնատիպ է նա` հստակ իր զգացումներով, խոհերով, անմիջականությամբ:
…Նոր Հայաստանի վարդաստանում և խաղողի այգիներում ապրում է և ստեղծագործում հմայիչ պոետը, մարդն ու քաղաքացին, վայելելով համաժողովրդական սեր ու գուրգուրանք:
Մաքսիմ Ռիլսկի
Ես խորապես սիրում եմ Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունը և նրան համարում եմ մեր ժամանակի մեծագույն բանաստեղծներից մեկը:
Նրա բանաստեղծությունների հիման վրա ես երաժշտություն եմ գրել:
Գեորգի Սվիրիդով
…Խորին շնորհակալություն նրա համար, որ Դուք օգնեցիք ինձ ծանոթանալու Իսահակյանի ստեղծագործությանը, մանավանդ նրա ‹‹Աբու-լալա Մահարուն››, որը աշխարհիս պոեզիայի գոհարն է:
Դեսանկա Մաքսիմովիչ
Իսահակյանի պոեզիան մեծ հայտնություն եղավ ինձ համար: Աշխարհում այժմ ապրող մեծագույն բանաստեղծներից մեկն է նա. ինձ վրա մեծ տպավորություն թողեցին նրա տաղանդի խորությունն ու ուժը:
Ս. Ս. Բաուրա
Բանաստեղծն ընդհանրապես միշտ հմայում է, սակայն Իսահակյանի մտքի նրբությունն ու խորությունը ցնցում են մարդու:
Խեսուալդո Սոսա
Ավետիք Իսահակյանը միջազգային առումով մեծ գրող է և գերազանցորեն մարդկային, իսկ նրա ‹‹Աբու-լալա Մահարին››` անժխտելի, անզուգական գլուխգործոց: Առաջին իսկ օրից համակվեցի նրա զգացումների խորությամբ: Անվերապահ և լիակատար հիացած եմ նրա գործով: Իսահակյանի անձը ինձ համար շողշողուն մտքի, ոգու, պայծառ լույսի ու ջերմության փարոս է:
Խայրեդդին-Էլ-Ասադի
Մեծ պոետի ստեղծագործությունը պատկանում է ոչ միայն իր ժողովրդին: Նրա բոցավառ սրտից հորդող հնչյունները հմայում են բոլորին գարնանային կանչի պես: Այդպիսին է Իսահակյանի պոեզիան. ժամանակի և տարածության մեջ նա սահման չունի:
Վացիս Ռեյմերիս
Աշխարհիս լավագույն բանաստեղծների շարքում, որոնց անմեռ երկերը հուզում են նորանոր սերունդներ` մտքի խորությամբ ու զգացումով, բնության հրաշալի պատկերներով և վառ սիրով դեպի կյանքը, մարդն ու ազատությունը, առաջին տեղերից մեկը պատկանում է հայ ժողովրդի մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանին:
Անտանաս Վենցլովա
Ճշմարտացի, իսկական տաղանդները մագնիսներ են:
Որևէ ժողովրդին սիրելու բանալիները նրանց ձեռքին են գտնվում:
…Հայ ազգի հանճարը ծնեց իր գրական խոսքի երեք հռչակավոր վարպետներին` Հովհ. Թումանյանին, Դերենիկ Դեմիրճյանին և Ավետիք Իսահակյանին:
…Վերջինս ոչ միայն պոետ էր, իր երկրի կրակված հայրենասեր, այլև հաղորդակից էր դարձնում մյուս ժողովուրդների սրտին իր ազնիվ սրտի խոյանքները:
Ազգային գոյությունը և ժողովրդական դիցաբանությունը նրանք բարձրացրել են համամարդկային գաղափարների աստիճանի, ուստի և հանդիսանում են բոլոր ցեղերի սրտերի երգիչն ու հարազատը.
Որտե՞ղ է ընկած
Այն քարը հիմի,
Որ հողիս վրա
Շիրիմ պիտի լինի.
Իմ թափառ կյանքում,
Մարդ ի՞նչ իմանա,
Չե՞մ նստել, թախծել
Այդ քարի վրա:
Իսահակյանի ֆիզիկական մահով Հայաստանը կորցրեց հայրենիքի հորը, համաշխարհային պոեզիան` շողշողուն բանաստեղծին, իսկ մենք` նրա մտերիմները, ազնիվ և բյուրեղյա, սրտամոտ բարեկամին:
Կոնստանտինե Գամսախուրդիա
Լուսանկարներից մեկը պատկերում է սիմվոլիկ ձևով Ավետիք Իսահակյանին` հենված Զվարթնոցի սրբազան քարաբեկորին:
Հայաստանի մեծ երգիչը հենվել է այս խոյակին, որի մեջ գտել է իր ժողովրդի բազմադարյան ողբերգությունն ու հերոսական պատմությունը և ճանաչել նրա զարմանալի կենսականության թաքնված խորհուրդը:
…Նրա ողջ պոեզիան հայ ստեղծագործ ժողովրդի պրպտող ու անպարտելի հզոր ոգու փայլն էր ճառագում:
Վիկտոր Կոչևսկի
Իսահակյանի պոեզիան մինչև հիմա անհայտ էր ինձ և մեծ հայտնություն եղավ ինձ համար: Նա մեկն է այժմ աշխարհում կենդանի մեծագույն բանաստեղծներից, և ինձ վրա մեծ տպավորություն գործեցին նրա տաղանդի խորությունն ու ուժը:
Ս.Մ. Բաուրան /Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր/
Քո երգերը իրենց ինքնուրույն ու պատկերավոր գեղեցկությամբ անզուգական տեղ են բռնում…
Վ. Տերյան
Ավետիք Իսահակյանը խորացրեց և ծավալեց ժողովրդական երգի կուլտուրան, թե՛ իբրև արտաքին ձև և թե՛ իբրև, մանավանդ, բովանդակություն:
Դ. Դեմիրճյան
Իսահակյանը մեր ժողովրդի մաքուր զգացմունքների թարգմանն է, նրա հավերժական խոհերի արտահայտիչը և, միաժամանակ, նրա ազգային հպարտությոնն ու պարծանքը:
Ստ. Զորյան
Իսահակյանը մեծ է և սիրելի է նրանով, որ ոչ միայն կարեկցաբար անիծել, այլև հնչեցրել է եղբայրության և ազատության զանգը, տառապյալ մարդկությանը կոչ է արել դուրս գալ բռնակալների դեմ, սրել է նրա բազուկը, կանգնեցրել է նրա բազուկը:
Ն. Զարյան
Հայ ժողովուրդը նրա քնարով երգեց իր սերը հանդեպ իր հողը, ցավն ու վիշտը, երազանքն ու ձախողանքը:
…Հայաստանի բնությունը Իսահակյանի մոտ ծաղկազարդված է մայր-հայրենիք թեմայով` արտույտը այգաբացի լույսի հեղեղում, ձյունապատ լեռներ, երգը հայրենի տան խորշերում:
Մարիետա Շահինյան
…Ամենից հեշտ հաջողվեց ինձ Իսահակյանի ‹‹Ուռենին››: Չգիտեմ, որի՞ արժանիքն էր դա` թարգմանչի՞` Ալեքսարդր Բլոկի, թե՞ հեղինակի` հայ բանաստեղծի. սակայն ‹‹Ուռենին›› արտակարգ երաժշտություն է, մեղեդին հենց բանաստեղծության տողերում է և ինձ լոկ մնում էր գրել այդ մեղեդին:
Սերգեյ Ռախմանինով
Հետևեք մեզ նաև Telegram-ում