Երեւանում մեկնարկում է Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը

ՀՀ մշակույթի նախարարությունն և Հայաստանի Թատերական գործիչների միությունը ս.թ. ապրիլի 6–13 -ը անցկացնում են Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Թատերական Գործիչների Միությունից:

Ըստ աղբյուրի, փառատոնն այս տարի նվիրվելու է վերջերս անժամանակ կյանքից հեռացած, փառատոնի համահիմնադիր, միջազգային մեծ ճանաչում ունեցող շեքսպիրագետ Անջեյ Ժուրովսկու հիշատակին: Փառատոնի ընթացքում կներկայացվի Անջեյ Ժուրովսկու մշակած <<Շեյլոկ>> սցենարի հիման վրա Վարշավայի թատերական ակադեմիայում ստեղծված համանուն լեհական ներկայացումով հանրահայտ դերասան Պյոտոր Կոնդրատի գլխավոր դերակատարմամբ:

Փառատոնին իր, Շեքսպիրի մի քանի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված ներկայացմամբ, հանդես կգա աշխարհի ամենահեղինակավոր’Ռումինիայի Կրայովայի Շեքսպիրյան փառատոնի տնօրեն, միջազգային մեծ հեղինակություն վայելող թատերական գործիչ Էմիլ Բորոգինան: Կներկայացվեն նաև Ուլյանովսկի Ի. Գոնչարովի անվ. դրամատիկական թատրոնի <<12-րդ գիշեր>> կատակերգությունը’ Ռուսաստանի ժող. արտիստ, պետ. մրցանակի դափնեկիր Կոպիլովի բեմադրությամբ և Փարիզի Ավանտի գեղարվեստամշակութային կենտրոնի <<Օթելլո>> իտալա-ֆրանսիական ներկայացումը: Լեհաստանից հանդես կգա Նատալյա Վիլկը’ <<Անջատի´ր Էլա>> ըստ Շեքսպիրի պիեսների ներկայցումով:

Հայաստանը կներկայանա Գ. Սունդուկյանի անվ. թատրոնի <<Ջոն Արքա>> բեմադրությամբ, որով ապրիլի 6-ին կբացվի փառատոնը և Պատանի հանդիսատեսի թատրոնի <<Վենետիկի վաճառականը>> մոնոներկայացմամբ:
<< Ani Plaza Hotel>>-ի Press Master մամուլի ակումբում կայացած ասուլիսին մասնակցեցին. Փառատոնի նախագահ Հակոբ Ղազանչյանը, ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Վարդան Գրիգորյանը, դերասան’ Լուիջի Չերրի (Ֆրանսիա-Իտալիա), փառատոնի համահիմնադիր Անջեյ Ժուրովսկու այրին’ Մալգորզատա Ալինա Ժուրովսկան (թատերագետ, լրագրող), Գոնչարովի անվան դրամատիկական թատրոնի ղեկավար կազմը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում