Չի կարելի Կառավարությունը, իշխանությունը մասնատել մի քանի մասի. Ա. Բաղդասարյան

«Տեղի են ունեցել ընտրություններ, որոնք ընդունվել են, հնչել են գնահատականներ, այդ թվում ՕԵԿ-ը ներկայացրել է իր քաղաքական գնահատականները: Ընտրությունների արդյունքում երկրում ձևավորել է վտանգավոր նախադեպ, երբ ընտրության արդյունքից դժգոհ որևէ թեկնածուն կարող է իրեն հռչակել երկրի նախագահ, թագավոր. դա ընդունելի չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հետընտրական իրավճակին, այս մասին ասաց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

«Երբ Ազատության հրապարակից իրենց հռչակեցին նախագահ ու սկսեցին նշանակել նախարարներ: Այնուհետև մեկ ամիս անց պարոն Հովհաննիսյանն ասաց՝ պատրաստ եմ ճանաչել Սերժ Սարգսյանի նախագահությունը, եթե ինձ տրամադրեք 8 կարևոր պաշտոններ: Մինչ այդ չէր ճանաչում Սերժ Սարգսյանի նախագահությունը, բայց 8 պաշտոնների դիմաց նա պատրաստակամություն հայտնեց ճանաչել Սերժ Սարգսյանի նախագահությունը»,- ասաց նա և հավելեց, որ դա կարծես 2008-ի կրկնությունն էր:

«Չի կարելի Կառավարությունը, իշխանությունը մասնատել մի քանի մասի: Այսինքն՝ պարոն Հովհաննիսյանը, երբ պահանջեց մաքսային, հարկային ծառայության և այլ բարձրաստիճան պաշտոններ, չի կարող լինել այնպես, որ հարկ հավաքողները լինեն ընդդիմության ներկայացուցիչները, իսկ թոշակ բաժանողները իշխանության ներկայացուցիչները: Նման պահանջները իրավական հիմնավորում չունեն»,- մեկնաբանեց նա:

ԱԽ քարտուղարը ասաց, որ իրավիճակի երեք հանգուցալուծում է տեսնում. «Առաջին՝ պարոն Հովհաննիսյանը չի ճանաչում ընտրությունների արդյունքները և շարունակում է իր պայքարը փողոցներում, հրապարակներում՝ չճանաչելով ձևավորված իշխանության լեգիտիմությունը և իր պայքարը տանում է այդ շրջանակներում: Երկրորդ՝ նա ճանաչում է ընտրությունների արդյունքները իրեն հռչակում է ընդդիմադիր առաջնորդ և փորձում է կոնսոլիդացնել քաղաքական դաշտը և երրորդ՝ նա քաղաքական համագործակցության եզրեր է փնտրում իշխանությունների հետ և ձևավորում է համագործակցության ֆորմատ»,– ասաց նա:

Արթուր Բաղդասարյանը նաև նշեց, որ կա ևս մի տարբերակ, որ պարոն Հովհաննիսյանը կարող է ակնկալել որոշակի վերահսկողական լծակներ հանրային դաշտում՝ վերահսկելու իշխանությունների աշխատանքը։ «Չի կարելի լինել ընդդիմություն և միաժամանակ լինել իշխանության մեջ: Սա հակասում է պրակտիկային»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է այսօր մամուլում տեղ գտած դիտարկմանը, թե Արթուր Բաղդասարյանը, կասկածի տակ է դնում ՀՀ իշխանությունների լեգիտիմությունը՝ մեջբերելով «Կենտրոն» հեռուստատեսության եթերում նրա հայտարարությունը այն մասին, թե մեր ազգը վատ է ապրելու, քանի դեռ իր սրտով իշխանություն չի ձևավորել, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Իհարկե, ոչ, որովհետև ՕԵԿ-ը եղել է Սերժ Սարգսյանին սատարող հիմնական քաղաքական ուժերից մեկը: Նախ, այդ հայտարարությունը կոնտեքստից դուրս է և ամբողջ հարցազրույցը տեղադրված է համացանցում և յուրաքանչյուր մարդ կարող է նայել, և տեսնել թե ես ինչ եմ ասել իրականում»,- ամփոփելով խոսքն ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում