ԱՄՆ-ի Կանզաս նահանգի Սենատը բարձր է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը

Հայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի 10-ամյակին նվիրված’ 2013թ. ապրիլի 3-ին ԱՄՆ-ի Կանզաս նահանգի Սենատի կողմից միաձայն ընդունվել է բանաձև: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Բանաձևում բարձր գնահատանքի է արժանացել վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանի զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցությունը, ինչպես նաև այդ համագործակցության զարգացմանն ուղղված ՀՀ քաղաքական և զինվորական ղեկավարության ջանքերը: Բանաձևում անդրադարձ է կատարվել նաև Կոսովոյում, Իրաքում ու Աֆղանստանում անվտանգության ու կայունության հաստատման ուղղված հայ խաղաղապահների ներդրմանը:
Հայաստան-Կանզաս Նահանգային գործընկերության ծրագիրը մեկնարկել է 2003թ.-ից:

Համագործակցությունը հիմնականում իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության և Կանզասի ազգային գվարդիայի միջև հետևյալ հիմնական ոլորտներում’ ականազերծում, պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ձևավորում, ռազմական բժշկություն, ռազմական արդարադատություն, ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում խաղաղապահ բրիգադի գնահատման գործընթացի նախապատրաստմանը աջակցության ցուցաբերում և այլն:

Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում Կանզաս նահանգը Հայաստանի հետ համագործակցություն է իրականացնում նաև առողջապահության, գյուղատնտեսության, օրենսդրական, իրավապահ, արտակարգ իրավիճակների և այլ ուղղություններով:
ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ 2013թ.-ին Հայաստանում իրականացվելու է Հայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի 10-ամյակի տոնակատարությունը, որին Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարի հետ հրավիրվել է նաև Կանզասի նահանգապետը:

Ներկայացնում ենք բանաձեւի ոչ պաշտոնական թարգմանությունը: 

ԿԱՆԶԱՍԻ ՍԵՆԱՏԻ ԲԱՆԱՁԵՎ N 1751
ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ – ԿԱՆԶԱՍ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ 10-ԱՄՅԱԿԻՆ

Նկատի ունենալով, որ Ազգային գվարդիայի Նահանգային գործընկերության ծրագիրը հասել է ակնառու հաջողությունների ԱՄՆ և գործընկեր երկրների միջև անվտանգության համագործակցության վրա կենտրոնացած ռազմական հարաբերությունների հաստատման գործում, և

Հաշվի առնելով, որ Կանզասը հպարտ է ոգեկոչելու Կանզասի և Հայաստանի Հանրապետության միջև Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում վերջին տասը տարիների ընթացքում արձանագրված հաջողությունները, և

Նկատի ունենալով, որ Կանզասը շարունակում է իր խորին հանձնառությունը’ աջակցել անվտանգության համագործակցության միջոցառումներին և դեպի ավելի անվտանգ ու բարգավաճ ապագային ուղղված պաշտպանական բարեփոխումներին, և

Հաշվի առնելով, որ Կանզասի ազգային գվարդիան ճանաչում է համագործակցության փոխշահավետությունը’ 2003թ.-ից սկսած ավելի քան 300 զինվորական անձնակազմի եւ 70 քաղաքացիական անձանց փոխադարձ այցերը Կանզաս և Հայաստան, որոնք երկուստեք բարելավել են Հայաստանի և ԱՄՆ-ի փոխադարձ անվտանգությունը և կայունությունը, և

Նկատի ունենալով, որ Կանզասը ցանկանում է ճանաչել Նախագահ Սերժ Սարգսյանին և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին որպես առաջնորդների օրինակներ’ ազգի, որը հայտնի է իր հյուրընկալությամբ, ինչպես նաև նրանց աջակցությունը’ Կանզաս – Հայաստան հարաբերությունների ընդլայնման տեսլականին’ ի շահ երկու ժողովուրդների և պետությունների, և

Հաշվի առնելով, որ Կանզասը երախտապարտ է և հարգում է հայ զինվորների և խաղաղապահների ծառայությունն ու զոհաբերությունը, ովքեր շարունակում են իրենց ծառայությունը Միացյալ Նահանգների և Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության ուժերի հետ Կոսովոյում, Իրաքում ու Աֆղանստանում, և

Նկատի ունենալով, որ Կանզասը հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն ամեն տարի ապրիլի 24-ին, որը նշվում է որպես Հայաստանի հիշատակի օր, և

Հաշվի առնելով, որ Կանզասի ծագումով հայ քաղաքացիներն աշխատում իմաստության, քաջության և դարավոր ավանդույթների միջոցով հարստացնել մեր նահանգի համբավը’ բիզնեսի, գյուղատնտեսություն, գիտություն, պետական և արվեստի ոլորտներում իրենց զբաղեցրած ղեկավար դերի միջոցով, և

Նկատի ունենալով, որ Կանզասը պարտավորվում է շարունակել տևական հատուկ հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ և ձգտում է ապագայում ընդլայնել համագործակցության հնարավորությունները, և

Հաշվի առնելով, որ Կանզասը հարգում է հայ ազգին և հայերին ամենուրեք և Կանզասն ու Հայաստանը միասին կանգնած են խաղաղության,
բարեկեցությանն ու ազատությանն ուղղված տևական համագործակցությամբ, ուստի
Կանզաս նահանգի Սենատը որոշեց ոգեկոչել Հայաստան-Կանզաս գործընկերության 10-ամյակը և հանձնարարել Սենատի քարտուղարին, որպեսզի նշված բանաձևի պատճեներն ուղարկվեն Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների Պալատի խոսնակին, Միացյալ Նահանգների Նախագահին, Միացյալ Նահանգների պետքարտուղարին, Կանզասի Կոնգրեսի պատվիրակությանը, Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնին, Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանին:

Սենատի N 1751 բանաձևը ներկայացվել էր սենատոր Ջեյ Սքոթ Էմլերի կողմից:

Սույնով հավաստում եմ, որ նշված բանաձևը մշակվել և ընդունվել է Սենատի կողմից:

/ստորագրություններ/

Սենատի Նախագահ

Սենատի Քարտուղար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում