Այս ընտրությունները պատերազմ չեն. Տարոն Մարգարյան

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը սկսեց մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից: Երեւանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը հանդիպեց վարչական շրջանի բնակիչներին, լսեց առկա խնդիրների մասին նրանց մտահոգությունները, խոստացավ լուծումներ գտնել դրանց համար:

Դիմելով ժողովրդին Տարոն Մարգարյանը հիշեցրեց, որ վերջին 4 տարիների ընթացքում Երեւանում բազմաթիվ խնդիրներ արդեն գտել են իրենց լուծումները, բայց միաժամանակ չժխտեց, որ որոշ խնդիրներ դեռ սպասում են լուծման իրենց հերթին: «Մենք ունենք փորձառու թիմ, որն ամենայն պատասխանատվությամբ կանի հնարավորը, որպեսզի այդ խնդիրները շուտափույթ լուծում ստանան և Երեւանի բնակիչներն օրեցօր ականատես կլինեն փոփոխությունների»- ասաց քաղաքապետը:

Շարունակում են օրակագրում մնալ թե ասֆալտապատման, թե ծաղկապատման, թե բարեկարգման աշխատանքները և թե աղբահանության հարցը: Ուշադրության են առնված վերելակների, տանիքների, ոռոգման ցանցի եւ բազմաթիվ այլ հարցեր: «Մայիսի 5-ին երեւանցին ընտրելու է ավելի լավ Երեւան, անվճար մանկապարտեզ, վերանորոգված դպրոց»,- ընդգծեց նա:

Լրագրողների հետ զրույցում քաղաքապետի թեկնածուն հիշեցրեց, որ այս ընտրությունները պատերազմ չեն, որ լինեն հաղթողներ կամ պարտվողներ, սա ընդամենը մրցակցություն է: Տարոն Մարգարյանը կոչ արեց քարոզարշավի շրջանակներում չվիրավորել որեւէ մեկին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում