Լորդ Ուոլլես. Միացյալ Թագավորությունը ցանկանում է Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցություն զարգացնել

Ապրիլի 8-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միացյալ Թագավորության կառավարության կուսակցական հարցերի համակարգող, Լորդերի պալատում արտաքին գործերի, պաշտպանության նախարարությունների և կառավարության աշխատակազմի հարցերով կառավարության խոսնակ լորդ Ուիլյամ Ուոլլեսին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Զրույցի ընթացքում նախարար Նալբանդյանը կարևորեց վերջին շրջանում բարձր մակարդակի երկկողմ փոխայցելությունները, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ լորդ Ուոլլեսը նշեց, որ գնալով աճում է Միացյալ Թագավորության հետաքրքրվածությունը Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցություն զարգացնելու մեջ։

Նախարար Նալբանդյանն ու լորդ Ուոլլեսը արձանագրեցին երկուստեք շահագրգռվածությունը երկու երկրների միջև գործընկերության առավել խորացման և ընդլայնման վերաբերյալ։

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները, այդ շրջանակներում ընթացող գործընթացները:

Զրուցակիցները անդրադարձան միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների: Նախարար Նալբանդյանը հյուրին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Այս առումով լորդ Ուոլլեսն ընդգծեց, որ Միացյալ Թագավորությունը խնդրի լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում