Սիլվա Կապուտիկյան. Կենսագրություն
Նմանատիպ
Սիլվա (Սիրվարդ) Բարունակի Կապուտիկյանը ծնվել է 1919թ.-ի հունվարի 5-ին Երևանում, Վանից գաղթած ընտանիքում։ Սովորել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցում։ 13 տարեկանում գրել է իր առաջին բանաստեղծությունը, որը տպագրվել է «Պիոներ կանչ» թերթում։
1936-1941 թվականներին սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում, 1950 թվականին՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացներին։ 1945 թվականին լույս է տեսել «Օրերի հետ» բանաստեղծությունների առաջին ժողովածուն, այնուհետև հրատարակել է 60-70 գիրք` բանաստեղծություններ և արձակ` հայերեն, ռուսերեն, անգլերեն, վրացերեն, լիտվերեն, ուկրաիներեն, թուրքերեն և այլ լեզուներով: 1952 թվականին «Իմ հարազատները» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ԽՍՀՄ, իսկ 1988 թվականին` ՀԽՍՀ Պետական մրցանակների: Նույն թվականին ստացել է նաև իտալական «Նոսիդիե» գրական մրցանակ: Ունի մանկական ստեղծագործությունների մոտ 40 հրատարակություն: 1962 թվականից եղել է Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի, Եթովպիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Հարավային Ամերիկայի, Գերմանիայի, Ավստրիայի, Իրանի, Երուսաղեմի սփյուռքահայ գաղթօջախներում և իր հիշողություններն այդ ամենի մասին ամփոփել է ուղեգրություններում, որոնցից բացառիկ են «Քարավանները դեռ քայլում են», «Խճանկար հոգու և քարտեզի գույներից», «Քարավանները հեռանում են», «Իմ կածանը աշխարհի ճանապարհներին» գրքերը: Կյանքի վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարել հրապարակագրության ոլորտում` «Իմ ժամանակը», «Չեմ կարող լռել», «Վերջին զանգ»: 1970 թվականին արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, 1980 թվականին` Վրաստանի մշակույթի վաստակավոր աշխատողի, ապա` Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներին: 1998 թվականին Քեմբրիջի միջազգային աշխարհագրական ինստիտուտի կողմից ստացել է «Տարվա կին» տիտղոսը: Պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով ու շքանշաններով: Եղել է Գրողների միության նախագահության անդամ, սփյուռքի հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահության անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, «Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության», Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիաների անդամ: Ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում: 2009 թվականին նրա ապրած տանը բացվել է բանաստեղծուհու տուն-թանգարանը:
Կապուտիկյանը շատ է գրել հայրենիքի, հայոց լեզվի, հայ ժողովրդի ճակատագրի մասին։ Նրա գրական ձիրքը հանդես է եկել պատանեկան տարիներից, իսկ երիտասարդական տարիներից ձևավորվել է քաղացիական ուղղվածությունը։ Նա դարձավ իսկական խորհրդային գրողի կերպար՝ կրելով այդ տարիների կուսակցական գաղափարախոսության ամբողջ պատասխանատվությունը։ Կապուտիկյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Ունի ռուսերեն ավելի քան 20 ժողովածու։
Հետևեք մեզ նաև Telegram-ում