Ամեն բան չէ, որ ոգևորել, ուրախացրել է ինձ

Թերևս, բացարձակ անօրինակ աշխարհը իր անհրապույր տարածքի շրջանակում հաստատվելով` խավարի մեջ էր առել լռության ենթարկված աղմուկը: Մեկը` շունչը վաղվա ժամանակին թողնելով հնարել էր իր այն օրվա մտապատկերը , որտեղ տերը սփոփել` իր մեջ էր առել մարդուն, տարածության մեջ առնելով մի կետ ու իրար միացնող շրջագծեր: Տերը խորհրդանիշ թողնելով իր մեծ գոյությունը, տառապել, ճկել, գտել ու դրել էր ինձ այն ցավի կողքին ,որ քիչ էր մնացել դուրս մնար ընտրյալների ցանկից:

Միայնության մեջ ճաշակել էի անխռով ինքնությունը, երկսեռ մարմնիս մեջ առնելով` զգայախաբությունն ու չարկչկված բնությունը: …Արդեն բավականին մեծ եմ… Տեսնես այդ ինքնակոչը ով է եղել, որ մինչև ծնվելս հարցում չի արել, ուզում եմ լինել, թե ոչ: Ամեն բան չէ, որ ոգևորել, ուրախացրել է ինձ: Երևի դա էր պատճառը այն կեղծ ճշմարտության, որ մնացի ինքս ինձ հետ` հավատարիմ:

Երբ տարիներ առաջ գնացել էի թուղթ նայող տարեց կնոջ մոտ ու նա իմ բախտը իր երևակայական հնարքներով պատկերավորեց, այդ օրվանից հետո ես էլ չեմ հավատում ոչ մարդկանց, ոչ բնությանը … ու առավել ևս խաղաթղթերին : Ես վաղուց գտել եմ ամեն գիշեր քնի, ամեն առավոտ արթնացումի ճանապարհը:

Առավոտ վաղ եմ արթնանում… դա վաղուց ձևավորված ավանդույթներից է եղել մեր տանը, վաղ արթնանալ ու հասցնել ամեն բան տեղին ու ժամանակին: Իմ համառության շնորհիվ մինչև վերջ քայլեցի դժվարությունների ու ծանր օրերի տակ կքած հասա այնտեղ, ու հիմա ինչ-որ տեսնում ես իմ այս փոքրիկ ու մեծ աշխարհում եղած ու մնացած աղմուկն է, որ դուրս եմ քաշում մտքիցս` լռության մեջ աղմուկ տարածելով:

Ես քաղաքում մնալու տեղ չունեի: Օրեր էին լինում, ամբողջ գիշեր զբոսնում էի քաղաքի միօրինակ փողոցներով, մինչև որ օրը լուսանում էր` մարդիկ արթնանում: Երկար կանգնում, նայում էի, չէ սա իմը չէ, ո’չ քաղաքը, ո’չ մարդիկ, ո’չ թափառող շները, ո’չ կատուները… նրանք իմը չեն, որ նայեն աչքերիս ու ազատեն ինձ անշրջելի տառապանքից

… Այդ օրը ինստիտուտից դատարկ ստամոքսով դուրս էի եկել: Խանութից մի քանի բլիթներ գնեցի: Բլիթները բերանումս տեղավորելով` արաք-արագ կինո էի գնում: Մեզ հետ սովորող երկու օրիորդներ, որ միշտ իրար հետ էին անցկացնում օրվա մեծ մասը, նրանք էլ էին կինո գնում : Օրիորդները ոչ մեկի հետ չէին շփվում : Այնքան հետաքրքիր աղջիկներ էին, որ անտարբեր չէիր կարող անցնել նրանց կողքով: Թեև նրանց չէին սիրում, նրա համար, որ աղջիկները խելացի էին, կազմակերպված, ինչը շատ տղաների` դուր չէր գալիս: Վախենում էին երբեմն, մնում էր միայն չնկատել, նրանց ծաղրել, վիրավորել, ինչը չէր հաջողվում…

Մենք միասին հայտնվեցինք այդ օրը կինոսրահում: Ֆիլմի դիտումից հետո օրիորդները ինձ հրավիրեցին իրենց քաղաքի կենտրոնում վարձակալած մեկ սենյականոց բնակարան սուրճ խմելու: Բնակարանը կապիտալ վերանորոգված չէր, բայց անքան սեր ու ջերմություն կար այդ պատերի արանքում, որ ինքդ քեզ ազատ ու կաշկանդված չէիր զգում, ավելին չէիր զգում ավելորդ, թվում էր անընդհատ հյուր ես եղել այդ տանն ու ծանոթ են քեզ ամեն բան…

Այդ ճակատագրական հրավերը ինձ ավելի ու ավելի մտերմացրեց նրանց հետ, ավելին հասկացա, որ մեր բնավորության շատ ընդհանուր գծեր համընկնում են իրար: Այդ հաճելի դուետին միացավ ևս ինքնակոչ մեկը, որ ես եմ… ու լղոզվեց ժամանակի խունացած թղթերի, էջերին… Ես ինձ երկու թեժացած կրակների արանքում էի զգում, որտեղ դու անընդհատ պատրաստ վիճակում պետք է լինես, որ սփոփանք գտնես հաղթահարելու` պարփակ ցանկությանը : Այժմ օրվա, որ ժամն էլ լիներ կարող էի այցելել նրանց… Հետաքրքիր էր, ես նրանց կողքին ինձ լիարժեք հանգիստ ու պաշտպանված էի զգում: Ժամերով հանգիստ զրուցում էինք` թատրոնից, կինոյից, օպերայից մի խոսքով փոքրիկ մշակութային օջախի էինք վերածում երեկոն, որտեղ ամենակարևորը ծափահարություններն էին, որ օրվա ավարտին հնչում էին ու ազդարարում նոր օրվա սկիզբ: Մինչդեռ օրիորդների լուռ հայացքներում տարօրինակ հանդարտություն կար, լիքը բողոք` ընդվզում:

Ներկա էր հերթական գիշերը, իր հերթական անակնկալ լուրերով… Կրկին տեղ չունեի գնալու: Դանդաղ քայլերս վերահսկում էին որոշումներս: Հասա օրիորդների տան մուտքի մոտ, քիչ անց արդեն դռան առաջ: Կանգնեցի , հետո սկսեցի մտածել, թե ինչ պատճառ էր պետք հորինել: Անմիջապես ստեղծվեց հորինված դրդապատճառը, մնում էր ընդունվեր նրանց կողմից: Դուռը կամացուկ թակեցի… ճռռոցով բացվեց: Տանը լույս չկար: Ամեն բան հանգիստ ննջում էր: Միայն ժամացույցի սլաքներն էին անհանգիստ շարժվում, բախվում ստեղծված ժամանակի անթաքույց համակարգին, որն անխռով հետապնդում էր ինձ:

Ըստ էության դուռը մոռացել էին փակել: Մինչև կորոշեի, թե ինչպես
դուրս գալ ստեղծված իրավիճակից` ոտնաձայներ լսվեցին: Ինձ չկորցրեցի: Վախից արագ թաքնվեցի պահարանի մեջ, չէի կարող կանգնել ու արդարանալ, իբր եկել, տեսել եմ դուռը բաց ու… Դռան արանքից, արդեն լուսավորված սենյակում, նկատեցի անսովոր թափռտվածություն: Պատերին մերկ տիկնիկներ էին հայտնվել: Նման տիկնիկներ սարսափ ֆիլմերում էի տեսել, թե ինչպես են հարձակվում մարդու վրա, ուտում, ծծում արյունը… կամ քայլում էին պատի վրայով ի ցույց դնելով իրենց, անհրապույր մարմինները: Անսովոր խաղ կար նրանց պահվածքի մեջ: Աչքի տակով հազիվ դռան արանքից երևում էր, թե ինչպես են օրիորդները մեկը մյուսի մեջ ձուլվում … Կատվային խաղ-գզվրտոց կար նրանց մերկ մարմինների նուրբ ուրվագծերում: Ես պապանձվել, նստել էի պահարանի մեջ, մատներս բերանումս ծամծմելով` սպասում էի ներկայացման ավարտին: Ծափահարությունները այս անգամ կլռեին: Ակնապիշ ակնունկնդիրն էի այն ստեղծված ժամանակի, որ ոչ հարցեր էին պետք, ոչ էլ ակնկալվող պատասխաններ:

Այդքան հետաքրքիր ֆիլմ չէի տեսել, որտեղ բավական է հայացք գցել` հասկանալու համար, որ ամեն բան գեղեցիկ է, որտեղ գեղեցիկը միշտ չէ, որ առողջ է, մինչդեռ առողջը միշտ գեղեցիկ է… Առավոտյան, երբ օրիորդները արդեն հոգնած քնել էին, ես աննկատ լքեցի նրանց… Պրեմիերան կայացավ, որտեղ ֆիլմի փակ ցուցադրմանը ներկա էի ես, մնում էր հաջորդ օրը հետաքրքիր հոդվածով հանդես գալ: Այդ օրվանից հետո մեր հանդիպումները ավելի հազվադեպ դարձան… ես ինձ մեղավոր էի զգում: Հիմա անհանգիստ նստած նայում եմ դիմացի շենքի բաց պատուհանին: Մարդ եմ ուզում գտնել, միգուցե հետաքրքիր զրուցակից գտնեմ: Աչքերս գնացին ու հետ եկան… Աչքերիս առաջ տեսարաններ էին հայտնվում, գլուխս խառնվել էր իրար: Ահա մի տղամարդ կանգնել է կոտրված հայելու առաջ նայում է մեկ իր մի քիչ դուրս պրծած որովայնին, մեկ մի քիչ ներքև… կարծես այդ երկու տղամարդկային տարրերը համազոր էին նրա հիվանդ ուղեղի ու ցանկությունների ուղղահայաց հավասարությանը: Այժմ ամեն բան մտածված սցենարային լուծումներով ընթանում էր առաջ…

Հազիվ հեռվում երևում էր միջանցիկ քամին: Խոշոր կտավի ներսում մարդու լիքը հանդարտությունը այնքան ազնիվ էր, համոզիչ, որ երևում էր մտքի ծանրությունը: Կտավի հեղինակը` Գրիգոր Նարեկացուն էր պատկերել, մերկ տղամարդու կերպարով, ձեռքերը վերև պարզած, աղոթք անելիս… Նա ինքը իր մեջ էր: Ես, հետևում էի մարդուն, լսում էի նրա լալագին աղոթքը… Ցուցահանդեսի սրահում գրեթե մարդ չկար, այժմ ասեղ գցելու տեղ չկար: Հետ նայեցի… ինձանից քիչ հեռու աղջիկներն էին կանգնած ուշադիր նայում, քննարկում էին: Հայացքներով փոխանակվեցինք… Նրանք բաց չէին թողել այդ եզակի ցուցադրությունը: Հավաքվածները մտածկոտ հետևում էին, թե վերջապես ուր է տանելու, մարդու խոստովանանքի ճանապարհը: Հեռվից լսվող երաժշտությունն էլ իր հերթին հիմարացրել, խենթացրել էր ներկաներին:

Տարօրինակ ձայնով կնոջ երգը բողոք էր… կիթառով ստեղծած երաժշտությունը հավատարմությունն էր մեռնող ծիծաղի:

Այդ արբեցնող երաժիշտը «Չավելա Վարգասն» էր, որի հայացքում միշտ զզվանք կար, բացակա երջանկություն… նենգություն ու քամահրանք` կյանքի, կեղծիքի նկատմամբ: Ես, երբևէ չեմ հասկացել նկարը… չեմ հասկացել ինչ կա նկարի մեջ… չեմ հասկացել գույնը, օդը, գիծը… այս մեկը ուրիշ էր` հեքիաթ կար, երեխային հատուկ անկեղծություն, որը աննորմալ պատմության մեջ կարող էր գցել մարդուն… պետք է չափազանց մաքուր, ազնիվ լինել հասկանալու համար կտավը: Տղամարդը շարունակում էր աղոթքն առ Աստված: Ցուցահանդեսից հետո էլ չտեսա օրիորդներին: Դասերը վերջացել էին: Թվում էր ամեն բան վերջանում էր դատարկության մեջ, որտեղ կյանքը լույս էր տալիս ինձ մնալու համար …

Հիշողություններս` չէի ուզում թարմացնել, այն տձև էր…

Հիմնավորապես իմ մեջ էի առել, թաղել էի նրան մտքերիս կաթնասպիտակ արգելոցում, որտեղ, հիմնականում քչերն են լինում:

Մի քանի օր հետո Աբովյան փողոցի, նորակառույց շեքերից մեկի վրա մեծ-մեծ տառերով գրություն կար փակցված… մոտեցա, հայտարարության մեջ գրված հասցեն, այն նույն հասցեն էր, որտեղ օրիորդներն էին ապրում, իսկ վերջում` նրանցից մեկի անունն էր գրված ու վրան մատիտով նկարած աղջկա դեմք…

Ճանաչողներին` մի քանի օրինակ հեռախոսի համարներ էր թողած գրության վերջում, որ զանգահարեին…

Ես երբեք չեմ հասկացել, ինչ բան է նկարը, ստացած գույնը, գիծը, օդը… այժմ նկարին դեմ դիմաց կանգնած` հասկացա: Այն իր ցանկությունների մեջ վստահ, անիրողության պատկերն էր կրում…

Ինչ-որ բան այն չէր…

Քաղաքում ոչ ոք ոչինչ չգիտեր… փորձեցի նշված համարով հետաքրքրվել… հեռվից` տխուր մի ձայն հազիվ նվնվալով պատասխանեց.

…Վաղը նրա թաղումն է…

Ես, չգնացի նրա թաղմանը… չհամաձայնվեցի լինել:

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում