Իսկ որտե՞ղ է Վահան Հովհաննիսյանը

Ուրբաթ օրը միտինգային ելույթից հետո մի կին մոտեցել է Արմեն Ոուստամյանին և համառորեն պահանջել, որ վերջինս պատասխանի հարցին, թե ինչու այսքան ժամանակ հարթակ չի եկել Վահան Հովհաննիսյանը. «Ոչ եկել ա, ոչ էլ ելույթ ա ունեցել, ինքն էնքան պետք է պատասխանատվություն ունենար, որ հասկանար’ ժողովուրդը պահանջում է»: Արմեն Ռուստամյանն ասել է. «Հա՞, պահանջո՞ւմ է, կասենք, կգա-ելույթ կունենա, պրոբլեմ չկա»: Կինը չի նահանջել. «Չէ, դա էդպես չի, դա սիրողական հարց չէ, որ էսպես ոտքի վրա փորձում եք լուծել, պետք է լրջորեն մոտենալ հարցին…»: «Դո՞ւք եք որոշում’ ով ելույթ ունենա մեզնից, ով’ ոչ»,-նեղսրտել է Ռուստամյանը, որի նյարդերը տեղի են տվել, բայց քանի որ լրագրողները հետևելիս են եղել զրույցին, համբերատար ունկնդրել է կնոջը: Հետո լրագրողներն են հարցրել’ կիսո՞ւմ է Անդրիաս Ղուկասյանի տեսակետը, որ Րաֆֆին 50 հազար մարդ թող «տա իրեն», իրենք էլ գնան ՄՀՀ-ն շրջափակեն, և «նեխած ձվերը» ինաուգուրացիայի ժամանակ «մնան զամբյուղում»: «Հում մտքեր են, այդ ամենը պետք է լուրջ նախապատրաստել, ժամակակացույց պետք է մշակել, հարթակի վրա որոշում կայացնելը ո՞րն է, սխալ է, լուրջ չի»,- ասել է Ռուստամյանը: Իսկ ինչու Պռոշյանի գյուղապետի սպանությունը դեպքից վայրկյաններ անց ՀՅԴ-ն որակեց ահաբեկչություն, որտեղի՞ց գիտեիք: «Ահաբեկչություն էր’ դրա համար, սպանությունը քաղաքական ենթատեքստ ուներ, շատ պարզ էր, թե ինչո՞ւ են սպանել նրան’ որպեսզի չկարողանա շարունակել իր պաշտոնավարումը: Չի ստացվել դա ընտրությունների միջոցով, արել են գնդակի միջոցով և այն էլ գյուղապետարանի դիմաց, սա է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում