Առաջին համբույր

Այս իրիկուն ես ուշ դարձա, ուշ դարձա տուն,
Ես դարձա տուն այսօր շիկնած ու ահադեմ.
Թվաց բոլորը փողոցում ինձ են նայում
Եվ իմ մասին արդեն գիտեն, արդեն գիտեն:

Այս իրիկուն ես ուշ դարձա, ուշ դարձա տուն
Ես դարձա տուն , և տխուր էր սիրտս տխուր,
Թվաց անդարձ կորցրել եմ գանձ մի անհուն,
Եվ իմ աչքին ափսոսանքի արցունք կար լուռ:

Ես տուն դարձա ու հոգուս մեջ ահ կար թաքուն,
Դռների մոտ մայրս, մայրս ելավ իմ դեմ.
Նրա աչքերում ես փնտրեցի կասկած ու քեն,
Եվ նախատիք ես փնտրեցի նրա աչքերում:

Բայց, ոչ, այնտեղ նույն գորովն էր , նույն սերը հեզ
Նայում էր նա այնպես խաղաղ ու անսքող.
-Ախ, մի նայիր ինձ ալյեվս մանկան որպես,
Մայր փոխվել է , փոխվել է արդեն աղջիկը քո:

Սիլվա ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում