Ր.Հովհաննիսյանի կրկեսն ավարտվո՞ւմ է, թե՞ նոր է մեկնարկում

Անդրադառնալով Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի թատերականացված «երդմնակալությանը»’ «Իրավունք»-ը գրում է. ««Ժառանգության» առաջնորդի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը նշել է, թե դա ոչ թե նախագահական, այլ «Նոր Հայաստանի» երդմնակալություն է, իսկ թե դա ինչ բան է և ինչով են դա ուտում, բացատրություն չտրվեց: Այնուհետ’ փողոցային համերգ, դրանից հետո լինելու են ելույթներ հարթակից, իսկ հետո’ երթ: Իսկ թե ուր է գնալու այդ երթը կազմակերպիչներն էլ խելքը գլխին չգիտեն:

Օրինակ’ «բարևականների» վերջին հանրահավաքին Անդրիաս Ղուկասյանը առաջարկել էր երթը տանել այնպես, որպեսզի շրջափակվի մարզահամերգային համալիրը, ինչին բավականին ջղաձիգ արձագանքեց Րաֆֆին: Դե պարզ է, եթե հանրահավաքին հազիվ 1500 հոգի էր հավաքվել, ապա այսօրվա երթի մասնակիցներն էլ ավելի քիչ կլինեն, իսկ մարզերից Րաֆֆի Հովհաննիսյանի կոչով ժամանող խմբերը այնքան սակավամարդ են, որ դրանց ներկայությունը կզգացվի միայն պաստառներով: Դե պատկերացրեք’ խանդավառորեն Ր. Հովհաննիսյանին ձայն տված Գյումրիից ընդամենը 3-4 տասնյակ մարդ է երթով ճամփա ընկել Երևան… Ինչևէ, «իքս» օրը ոչ մի լավ բան չի խոստանում Րաֆֆիին:

Ի վերջո, բոլորը հիշեցնելու են և´ «դիակի» հանգամանքը, և´ Սերժ Սարգսյանին իր հետ դժոխք տանելու խոստումը, և´ բազում այլ անհեթեթություններ: Թե ինչ կանցնի անկանխատեսելի Րաֆֆու մտքով, դժվար է ասել, միայն թե հայտնի է, որ նա «երդվելու» է ձեռքը Սահմանադրության վրա դրած, զի Հայ առաքելական եկեղեցում չգտնվեց գեթ մեկ սպասավոր, որը ցանկություն ունենար օրհնելու այդ կրկեսային ներկայացումը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում