Ի՞նչ սեփականություն ունեն Երևանի ավագանու ընտրություններին մասնակից կուսակցությունները

ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների հայտարարագրերը, որում ներկայացնում է, թե որ կուսակցությունը ինչ սեփականություն ունի:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Առաքելություն» կուսակցությունը հայտարարագիր չի ներկայացրել, քանի որ վերջինս նոր գրանցված կուսակցություն Է:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված հայտարարագրից պարզ է դառնում, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը միանձնյա սեփականության իրավունքով ունի շենքեր ու հողեր գրեթե բոլոր մարզերում, Երևանում կուսակցությունն ունի երկու շենք, երկու հողատարածք ‘ Մելիք Ադամյան 2 հասցեում և Դավթաշեն 2-րդ թաղամասում: Միանձնյա սեփականության իրավունքով ունի 7 ավտոմոբիլային տրանսպորտ’ 2 հատ 2003թ. արտադրության ԳԱԶ 3110, 2000 և 2002 թվականների արտադրության երկու ՎԱԶ-21074, 1993թ. արտադրության ՎԱԶ 2121, 1995-ի’ ՎԱԶ 21213, 1990 թ. արտադրության ՈՒԱԶ, 2007 թ. արտադրության Նիսսան Պատֆայնդեր:

Ըստ հայտարարագրի, ՀՀԿ-ն թանկարժեք գույք, բաժնեմաս չունի: Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա կարելի է ասել, որ կուսակցությունը դրա պակաը չունի’ 364.5 մլն դրամ ստացվում է անդամավճարներից ու նվիրատվություններից, ավելի քան 13 մլն դրամ վարձակալության վճարներից, օրենքով նախատեսված բյուջետային ֆինանսավորումը կազմում է 29.5 մլն դրամ, այլ եկամուտներ’ ավելի քան 8 մլն դրամ: Դրամական միջոցները հայտարարգրման պահին կազմել են մոտ 40 մլն դրամ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ունեցած շենքերն ու հողատարածքները, ըստ հայտարարգրի, անհատույց օգտագործման իրավունքով են: Իսակովի 9 հասցեում 132 հա գրասենյակային տարածք է վարձակալել: ԲՀԿ-ն շարժական ու թանկարժեք գույք, բաժնեմաս չունի, հայտարարագրման պահին դրամական միջոցները եղել են մոտ 9 մլն դրամ: Եկամուտների զգալի մասը բաժին է ընկնում պտբյուջից տրվող ֆինանսավորմանը’ 17.5 մլն դրամ, 14.4 մլն դրամ ստացվում է անդամավճարներից, մոտ 69 հազար դրամ’ տոկոսների կուտռակում հաշվին:

«Օրինաց երկիր» կուսակցությունն Երևանի կենտրոնում մի շենք ունի: Աբովյան 43 հասցեում գտնվող 765 քմ տարածքը կուսակցությանը պատկանում է միանձնյա սեփականության իրավունքով: Ինչ վերաբերում է շարժական գույքին, ապա ունի երկու ավտոմեքենա’ 1990 թ. արտադրության ՎԱԶ 2107, 2002թ արտադրության Օպել վեկտրա, երկուսն էլ’ միանձնյա սեփականության իրավունքով: Թանկարժեք գույք ու բաժնեմաս չունի, հայտարարգրման պահին դրամական միջոցները կազմել են ավելի քան 1 մլն դրամ:

Հայ Հեղափոխական Դաշնակցությունն ունի բնակելի, ոչ բնակելի տարածքներ, շենքեր, տներ ու բնակարաններ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում, բոլորն էլ միանձնյա սեփականության իրավունքով են: Ավանդական կուսակցությունը թանկարժեք, շարժական գույք չունի, բաժնեմաս, եկամուտներ չունի: Հայտարարգրման պահին դրամական միջոցները կազմել են 2 մլն դրամ:

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը միանձնյա սեփականության իրավունքով Երևանի կենտրոնում’ Սարյան փողոցում ունի 297 քմ հասարակական նշանակության շինություն: Շարժական, թանկարժեք գույք, բաժնեմաս չունի, ընդհանուր եկամուտները կազմում է մոտ 5.3 մլն դրամ:

«Բարև Երևան» դաշինքում ընդգրկված է չորս կուսակցություն’ «Շրջադարձ», «Ժողովրդավարական ուղի», «Ժողովրդավարական հայրենիք», «Ժառանգություն»: Ըստ հայտարարագրի, «Շրջադարձ», «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները ոչինչ չունեն:
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը միայն եկամուտ ունի’ անդամավճարներից 290 հազար դրամ, դրան գումարած 250 հազար դրամ նվիրատվություն:
«Ժառանգություն» կուսակցությունն էլ անշարժ, շարժական, թանկարժեք գույք, բաժնեմաս, դրամական միջոցներ չունի: Միակ ունեցածը ֆիզիկական անձանց կողմից մոտ 26 մլն դրամի նվիրատվությունն է ու պետական բյուջեից հատկացվող 4.4 մլն դրամը: Դաշինքի բոլոր կուսակցությունները հայտարարագրման պահին դրամական միջոցներ չեն ունեցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում