Արևի սերը

Ասում են ճերմակ լուսինն էլ մի օր
Աղջիկ էր ջահել – վարսքով ոսկևոր
Աղջիկ էր ջահել ու սիրով անհուն
Սիրում եր հուրհեր Արև պատանուն
Բայց դե Արևի սիրտը բարձրագահ
Գերված էր սիրով Երկիր-աղջկա,
Երկիր-աղջկա, որ կյանք էր անշեջ
Որ հզոր հողի բույր ուներ իր մեջ…
Մռայլվեց լուսնի ճակատը լուսե
ՈՒ լույս մի գիշեր – արցունքը աչքին
Թողեց նա բյուրեղ դղյակն իր անգին
Եվ առած աստղանց զորքը անհամար,
Բռնեց տիեզերքի ճամփաներն անծայր
Որ գերի առնի Արև-սիրածին
ՈՒ խլի Երկրի գրկից հողածին…
…ՈՒ օրեր անցան, անցան տարիներ,
Ջահել լուսինը դարձավ ալեհեր,
Ոսկի մազերին ցուրտ ձմեռ իջավ
Դեմքը խորշոմեց, հայածքը շիջավ,
Բայծ մինչև օրս էլ անքուն ու աննինջ –
Առած աստղերի շքախումբը ջինջ –
Մերժված կնոջ խանդով մոլեգին –
Դեռ հետևում է նա արեգակին…
Եվ երբ հուսահատ նա այգեբացին –
Հավաքած աստղանց զորքերը կրկին –
Գնում է նորից սերն ին փնտրելու
Անամպ տիեզերքի ծայրերում հեռու,-
Ելնում է Արև-տղան ամրակազմ
ՈՒ գրկում նորից Երկիր-աղջկան
Երկիր աղջկան, որ կյանք է անշեջ
Եվ հզոր հողի բույր ունի իր մեջ…

Սիլվա ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում