Տիգրան Սարգսյանն ու իր ղեկավարած կառավարությունն այսօր հրաժարական կտան

ՀՀ Սահմանադրության համաձայն, այսօր’ Սերժ Սարգսյանի երդմնակալությունից հետո, ՀՀ կառավարությունն իր ողջ կազմով հրաժարական կտա:

ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը ավելի վաղ տեղեկացրել էր, որ հնարավոր է նույն օրը նշանակվի վարչապետ, և մեկ ամսվա ընթացքում ձևավորվի կառավարության կազմը:

ՀՀ Սահմանադրության երրորդ գլխի 55-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ Հանրապետության նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի, Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու, կառավարությանն անվստահություն հայտնվելու, կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Հանրապետության նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:

Նույն հոդվածով՝ Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա ՀՀ նախագահը վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում, իսկ կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո’ քսանօրյա ժամկետում:

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է կառավարության անդամներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում